ԱՄԱՓ-ի 2010 ծրագրերի մասին

Վերադառնալ գլխավոր էջ

Հայկական հուշարձանների ճանաչման ծրագիր /ԱՄԱՓ/ մշակութային հասարակական կազմակերպությունը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների վերաբերյալ հասարակության իրազեկության բարձրացմանը միտված երկարաժամկետ նախագիծ:

Ծրագրի նպատակներն են`

  • Հայաստանի պատմամշակութային և բնության հուշարձանների համար ստեղծել և տեղադրել բազմալեզու, մուլտիմեդիա տեղեկատվական վահանակներ, ուղեցույց-նշաններ և ինտերակտիվ նյութեր:
  • Նման աշխատանքներ իրականացնել Հայաստանի թանգարանների և հնագիտական վայրերի համար:
  • Հայաստանի բնության հուշարձանների, բնության արահետների համար ստեղծել և տեղադրել բազմալեզու, մուլտիմեդիա բացատրական վահանակներ և ուղեցույց-նշաններ:
  • Ստեղծել ինտերակտիվ նյութեր հուշարձանների տարածքում` զբոսաշրջիկների այցելությունը Հայաստան առավել իմաստալից դարձնելու համար:
  • Խմբավորել հուշարձանները ըստ թեմաների և ստեղծել երթուղիներ՝ էլ ավելի հետաքրքիր դարձնելով դրանք զբոսաշրջիկների համար: Նպաստել տեղական համայնքների զարգացմանը, որպեսզի նրանք ավելի լավ կարողանան ծառայել երթուղիներով ճամփորդող զբոսաշրջիկներին:
  • Զարգացնել տուրիստական ենթակառուցվածքները՝ դարձնելով դրանք ինքնաբավ (հանգստի կանգառներ, զբոսաշրջիկների սպասարկման կենտրոններ, ժամանակակից պայմաններ առանձին հուշարձանների տարածքում):
  • Ստեղծել Հայաստանի տեսարժան վայրերը ներկայացնող բազմալեզու մուլտիմեդիա նյութեր, այդ թվում` “Աուդիո տուր” լսողական զբոսապտույտներ, տեսանյութեր, առցանց տեղեկատվություն և այլն:
  • Ստեղծել հայկական հուշարձանների մասին տվյալների էլեկտրոնային շտեմարան` ի լրումն «Հայաստանի ժառանգություն» կայքէջի:
  • Հուշարձանների տարածքը հասանելի դարձնել հատուկ կարիքներով այցելուների համար` համապատասխան միջոցառումների կազմակերպմամբ:

2010 թ. ծրագիրը

2010 թ. մենք ընդլայնել ենք մեր հիմնական աշխատանքը՝ ստեղծելով հուշարձանախմբեր ըստ թեմաների և աուդիո տուրեր։ Նշված տարվա ծրագրում տեղ գտած հուշարձաններն ավելի բազմաբնույթ են (հնագիտական պեղումների վայրեր, թանգարաններ, աուդիո տուրեր), և Հայաստանը բացահայտելու ավելի ինքնատիպ միջոցներ են ստեղծվելու (աուդիովիզուալ ներկայացումներ, GPS նավիգացիոն համակարգով տուրեր, էլեկտրոնային կրպակներ, առցանց ինտերակտիվ տեղեկատվություն)։

2010 թ. մենք տեղադրել ենք ավելի քան 240 տեղեկատվական վահանակներ և ճանապարհային ուղեցույց նշաններ Հայաստանի 61 տարածքներում` 13 հուշարձան, 2 թանգարան, բնության արահետներ (ծաղիկներ, թռչուններ և վայրի բնություն) և երկու երթուղիներ՝ "Թագավորներ, թագուհիներ և իշխաններ" և "Քաղաքակրթության օրրան"։ Ծրագրի շրջանակներում ստեղծվել և տեղադրվել են բրայլյան այբուբենով (հինգ լեզուներով) տեղեկատվական վահանակներ թույլ տեսողություն ունեցող այցելուների համար, ինչպես նաև ստեղծվել է "Հայաստանի ժառանգություն" ինտերակտիվ կայքէջը։

ԱՄԱՓ-ի ծրագրի ֆինանսավորողներն են ծրագրի գլխավոր հովանավոր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, Գյումրիում Իտալիայի պատվո հյուպատոսը, USAID/CAPS-ը, ԱՄՆ դեսպանի մշակութային հիմնադրամը, Նորվեգիայի արտգործնախարարությունը և այլ հովանավորներ։