Բնության արահետ 2008` 2008 Ծաղիկների արահետ

Վերադառնալ գլխավոր էջ


Նորավանքի կիրճի բուսական աշխարհը

Նորավանքի կիրճի բուսական աշխարհը

Նորավանքի կիրճի բուսականությունը բավականին հետաքրքիր է, իսկ նրա պահպանությունը` կարևոր, քանի որ այստեղ, բացի հազվագյուտ բույսերից, աճում են նաև մի շարք էնդեմիկ տեսակներ և կուլտուրական բույսերի վայրի ցեղակիցներ։ Դրանց թվում են կուլտուրական տանձի նախահայրերից` Pyrus takhtajanii, P. medvedevii, շատ տարածված P. salicifolia տեսակները, ընկուզենին` Juglans regia, վայրի պիստակենին` Pistacia mutica, վայրի խաղողը` Vitis sylvestris, վայրի բալենու տեսակները` Cerasus mahaleb, C. incana, փշատը` Elaeagnus angustifolia, վայրի ոսպը` Lens orientalis, վիկի` Vicia և սոխի` Allium տեսակները և այլն։ Այստեղ արտակարգ բազմազանությամբ են հանդես գալիս վայրի սալորը` Prunus divaricata և նշենին` Amygdalus fenzliana։

Գնիշիկ գետի աջափնյա անտառակում հանդիպում են կարմրանի հազվագյուտ տեսակը` Tamarix kotschyi և առավել տարածված T. hohenackeri, T. ramosissima տեսակները, կծոխուրը` Berberis vulgaris, սրոհունդը` Hypericum perforatum, սրոհունդի Հայաստանում միայն այստեղ աճող տեսակ` H. formosissimum, մամիրչը` Clematis orientalis և C. vitalba, սզնու հազվագյուտ տեսակները` Crataegus meyeri, C. pallasii և հաճախ հանդիպող C. orientalis, C. pentagyna տեսակները։

Գնիշիկի ձախափնյա խճոտ լանջերին աճում են մի շարք էնդեմիկ տեսակներ` Tomanthea daralaghezica, Cousinia daralaghezica, յուրօրինակ Michauxia laevigata-ն, որի ծաղկաբույլը հասնում է 2 մ և ավելի բարձրության, բարդածաղկավորների ընտանիքից հազվագյուտ Serratula serratuloides, Jurinea arachnoidea, J. pulchella և ուրիշ տեսակներ։

Կիրճի կրաքարե բարձրաբերձ ժայռերի ճեղքերում աճում են զանգակազգիների խիստ հազվագյուտ տեսակներ` Campanula coriacea, C. karakuschensis, C. takhtajanii, արևելյան մեխակի` Diantus orientalis, նրբագեղ կարմիր, գեղեցիկ ծաղկող խիտ բարձիկները, կռվինզը` Parietaria judaica, խլածաղիկը` Scrophularia rupestris` հիանալի դեղաբույս երիկամներում քարերի կուտակման դեպքում։

Ժայռերի ստորոտում և գետափնյա անտառակներում հանդիպում է մեկ այլ կարևոր դեղաբույս` դդմազգիների ընտանիքից լոշտակը` Bryonia alba (օգտագործվում է «հայկական» հիվանդության թոքային ձևի բուժման ժամանակ)։ Կիրճում հաճախ է հանդիպում փռշնին` իր Celtis caucasica և C. glabrata տեսակներով։ Այս ծառի բնափայտը ամուր է և ծանր, նույնիսկ սուզվում է ջրում։ Հնուց ի վեր փոշին (կամ քարի ծառը) համարվում է սրբազան, նրանից պատրաստել են զանազան զարդեր և պահպանակներ (դաղդաղաններ)` չար ոգիները խափանելու համար։ Փայտից պատրաստված այս հմայիլները հաճախ կախում էին խոշոր եղջերավոր անասունների վզին։


Տեքստը խմբարգվել է ՀՀԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի վարիչ` կենսաբանական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանի կողմից։