Երևան` Աբովյան փողոց

Վերադառնալ գլխավոր էջ


Շրջայց Երևանում. Հանրապետության հրապարակից մինչև Արամի փողոց

Շրջայց Երևանում.
Հանրապետության հրապարակից մինչև Արամի փողոց


Հանրապետության հրապարակից դեպի Քանաքեռի սարավանդի ստորոտ է ձգվում այսօրվա Աբովյան փողոցը (24)` Երևանի գլխավոր զարկերակը։ Այն մայրաքաղաքի ամենաբանուկ փողոցն է թե՛ ցերեկային և թե՛ երեկոյան ժամերին. հանդիպումների, գնումներ կատարելու, զբոսանքի ու ժամանցի սիրելի վայր, իսկ տարիներ առաջ ցնցոտիներով մի ծերունի ծաղիկներ էր նվիրում այս փողոցով ճեմող երիտասարդ աղջիկներին։

1869թ. ի պատիվ Երևանի նահանգապետ գեներալ-մայոր Աստաֆևի ստանալով Աստաֆյան անվանումը` փողոցը դառնում է քաղաքի ամենաարտահայտիչ և քաղաքաշինական առումով կարևոր հատվածներից մեկը, որի հորինվածքային դոմինանտներն էին Սբ Պողոս-Պետրոս (չի պահպանվել) և Սբ Աստվածածին /Կաթողիկե/ եկեղեցիները։ Երևանի մեծահարուստներն ու քաղաքի ճանաչված բնակիչներն ապրում էին այս և հարակից փոքր փողոցների վրա։ Աստաֆյանն առանձնանում էր նաև իր` ժամանակի համար եզակի եվրոպական խանութներով, այդ թվում` Արամ Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տունը և Եգոր Խանզադյանցի կտորեղենի և գալանտերեայի ապրանքների «Սաքսոնական» խանութը։ 1920թ. Աստաֆյան փողոցն վերանվանվեց Աբովյան` ի պատիվ 19-րդ դ. գրող, հայ մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի։

«Belle ռpoque»-ից (19-րդ դ. վերջ – 20-րդ դ. սկիզբ) Երևանում պահպանվել են ընդամենը մի քանի բուրժուաների տներ։ 1856թ. կազմված Երևանի Գլխավոր հատակագիծը նախատեսում էր քաղաքի կանոնավոր ճարտարապետական կառուցապատում։ Այս ժամանակահատվածում կառուցված մեծահարուստների տներից շատերի հեղինակները ճարտարապետներ Վասիլի Միրզոյանն ու Բորիս Մեհրաբյանն են։

Ճարտարապետներ Ա. Վասիլևի և Վ. Սիմոնսոնի հետ միասին Վ.Միրզոյանի նախագծած հասարակական շենքերից է Արական գիմնազիան (25), որտեղ ներկայումս «Առնո Բաբաջանյան» համերգասրահն է գտնվում` Աբովյան փող. 2 հասցեում (1916թ., 1953-1977թթ.)։ Այն իրենից ներկայացրել է ընդարձակ ուղղանկյուն համալիր` ներքին բակով։ Ներկայումս շինության սկզբնական տեսքից պահպանվել է միայն Աբովյան փողոց կողմնորոշված սև տուֆակերտ ճակատը։ 1920 թվականից կառույցն օգտագործվել է տարբեր նպատակներով. Ցեղասպանության տարիներին այստեղ գործել է աղջիկների մանկատուն, ավելի ուշ` Պետական հանրային գրադարանը, Հայաստանի գրողների տունը, Երևանի մշակույթի տունը։ 1932 թվականից գիմնազիայի հանդիսասրահը դարձել է Հայ ֆիլհարմոնիայի դահլիճ։

Արական գիմնազիային հանդիպակաց, Աբովյան փող. 1 հասցեում (26) է գտնվում Արամ Տեր-Ավետիքյանի եկամտաբեր տունը` կառուցված 1914թ.։ Բնակելի տան համալիրը բաղկացած էր բուժարանից, խանութներից և բնակարաններից։ Այն երկհարկանի էր, ներքին բակով, սենյակների երկշարք և միաշարք դասավորությամբ։ Տան ճարտարապետությանը բնորոշ է մոդեռն գեղարվեստականությունը։ Առաջին աշխարհամարտի տարիներին բուժարանի մի մասն անհատույց տրամադրվել է Կարմիր խաչի ընկերությանը։ 1921թ. գարնանը իր դստեր հետ այս տանն է ապրել հայ ազգային բանաստեղծ Հովհ. Թումանյանը։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/Հայաստան)։


 

Share |