Երևան` Հին Աբովյան փողոց. Արամի փողոցից Պուշկինի փողոց

Վերադառնալ գլխավոր էջ


Շրջայց Երևանում. Հին Աբովյան փողոց. Արամի փողոցից Պուշկինի փողոց

Շրջայց Երևանում.
Հին Աբովյան փողոց. Արամի փողոցից Պուշկինի փողոց

Աբովյան փողոցն ասես թանգարան է բաց երկնքի տակ։ Փողոցի մի կողմում ճարտ. Բորիս Մեհրաբյանից ժառանգած «մոդեռն» ճարտարապետության օրինակներն են` պատշգամբների, պատուհանների ու դռների «art nouveau»-ին բնորոշ հարդարանքով, քարի և մետաղական մանրամասների սահուն համադրությամբ` ինչը նրբագեղություն է հաղորդում հիմնականում սև տուֆից արված այս կառույցներին։

Ի տաբերրություն քանդակազարդ հարդարանք ունեցող կառույցների` Վասիլի Միրզոյանի նեոդասական ճարտարապետությունը թեթևություն է ստեղծում գույնի միջոցով` համադրելով կարմիր և սև տուֆերը։ Ընդհանուր առմամբ` այս շինությունները հաջողությամբ միատեղում էին հայկական ազգայինն ու այդ ժամանակաշրջանում Փարիզին բնորոշ «մոդեռն» ոճի ճարտարապետությունը։ Աբովյան փողոցի հին կառուցապատմանը բնորոշ ուշագրավ տարրերից են ներքին բակերը, որտեղ կազմակերպված կանաչ մակերեսներն ու փոքրիկ շատրվանները օգնում էին հաղթահարել ամռան ամիսների երևանյան տապը։

Աբովյան-Արամի փողոցների հատման անկյունում է 1936թ. կառուցված «Մանկական աշխարհ» հանրախանութի շենքը (30)։ Փողոցի հանդիպակաց թևում պահպանվել են 1880-ականներին կառուցված բնակելի տների օրինակներ (31), որոնք թույլ են տալիս պատկերացնել հին Երևանի դիմագիծը։

1884թ. աղյուսի գործարանատեր Գրիգոր և վաճառական Բարսեղ Եղիազարյան եղբայրների կողմից պատվիրված շենքերից (32) 2-րդի հեղինակը ճարտ. Վ. Միրզոյանն է (Աբովյան փող. 6)։ Այս շենքի վերին հարկը 1918թ. գործել է որպես հիվանդանոց` Առաջին աշխարհամարտի և Սարդարապատի ճակատամարտի վիրավորների համար։ Գրիգոր Եղիազարյանի տան (33) (Աբովյան փող. 8) ճարտարապետական լուծումներում առանձնանում է գլխավոր ճակատը` շեշտված կոպտաշար դորիական սյուներով։ Շինության ներսում պահպանվել են սպիտակ հախճապակիով զարդարված վառարաններ։ 20-րդ դարասկզբին այս տան որոշ սենյակներ տրամադրվել են Հնդեվրոպական հեռագրատանը, ապա` Մերձավոր Արևելքում գործող Ամերիկյան օգնության կոմիտեի բարեգործական 2-րդ մանկատանը։

Աբովյան փողոցի ձախ թևում էր գտնվում (Աբովյան փող. 1/4) ճարտարապետ Բ. Մեհրաբյանի հեղինակած եկամտաբեր տունը, որը կառուցվել էր 1909-1914թթ. և պատկանում էր «Գաբրիելյան եղբայրների կաշվե աշխատանքները” անունը կրող կաշվի գործարանատեր Գաբրիել Գաբրիելյանին (34)։ Երկհարկ շինության վրա 1920-30-ականներին կառուցվել է 3-րդ հարկ։ Գ. Գաբրիելյանի տունը չի պահպանվել։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/Հայաստան)։


 

Share |