Երևան` Հին Աբովյան փողոց: Պուշկինից մինչև Թումանյան

Վերադառնալ գլխավոր էջ


Շրջայց Երևանով:Հին Աբովյան փողոց` Պուշկինի փողոցից Թումանյան փողոց

Շրջայց Երևանով, հին,Աբովյան փողոց . Պուշկինի փողոցից Թումանյան փողոց

Աբովյան փողոցն ասես Երևանի առաջընթացի ու զարգացման յուրաքանչյուր փուլի վկան է` Հանրապետության հրապարակից մինչև «Երևան» հյուրանոց միջակայքում գտնվող բնակելի տներով, մինչև Իսահակյան փողոց ձգվող «art deco» ոճի շինություններով և հասարակական նշանակության շենքերով։ Այս շենքերի պատմու¬թյունը դարձել է ոչ միայն Աբովյան փողոցի, այլ նաև Երևանի պատմությունը։

Աբովյան-Պուշկին խաչմերուկից աջ թեքվելով` Դուք կհասնեք Անդրեյ Սախարովի անվան հրապարակ (35), որի կենտրոնում աշխարհահռչակ ֆիզիկոսի կիսանդրին է ( քանդ.` Տ. Արզումանյան, ճարտ.` Լ. Ղալումյան)։ Ա. Սախարովը հայտնի է նաև որպես 1960-ական թվականների վերջերից ԽՍՀՄ-ում սկիզբ առնող իրավա¬պաշտպան շարժման առաջնորդ և Նոբելյան Խաղաղության մրցանակի դափնեկիր /1975թ./։ Նա առաջիններից էր, ով համարձակվեց հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի կողմից իրականացված Սումգայիթյան ջարդը և պաշտպանեց Լեռնային Ղարաբաղի հայերի ինքնորոշման իրավունքը։

Աջ կողմում (Աբովյան փող. 10 – Պուշկինի փող. 12) 1870-ականներին կառուցված շինություն է` վաճառական Գրիգոր Ամիրյանի տունը (36), որտեղ 1910-1911թթ. գործել է աչքի հիվանդանոցը, 1911-1915թթ.` բժիշկ Հ. Հովհաննիսյանի մասնավոր բուժարանը։ Ըստ տան ճակատին փակցված հուշատախտակի` 1928թ. այս տանն է իջևանել ռուս գրող Մաքսիմ Գորկին։ Կողքի եկամտաբեր տունը (37), որը նույնպես պատկանել է Գրիգոր Ամիրյանին, կառուցվել է 1883թ.։ 1929-1936թթ այս տանն ապրել են Ալ. Մյասնիկյանը և ՀԿԿ Կենտկոմի 1-ին քարտուղա Աղասի Խանջյանը։

Փողոցի ձախ կողմում` Աբովյան փող. 3/1 հասցեում Եգոր Խանզադյանցի բնակելի տունն է (38), որը 1905թ. միասին նախագծվել են Բ. Մեհրաբյանն ու Վ. Միրզոյանը։ Խանզադյանցը հին Երևանում ճանաչված է եղել որպես կտորեղենի ու գալանտերեայի ապրանքների 1877թ. հիմնած «Սաքսոնական» խանութի տեր։ Խորհրդային տարիներին այս տանն է ապրել ճարտարապետ Կարո Հալաբյանը` ով մեր մայրաքաղաքի մի քանի ուշագրավ շենքերի հեղինակն է (բնակելի շենք «Շախմատային», Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն և այլն)։

Աբովյան փող. 3 հասցեում գտնվող շենքը 1915թ. կառուցված հայտնի վիրաբույժ Հովհաննիսյանների բնակելի տունն ու բուժարանն է (39)։ Ճարտարապետը Բ. Մեհրաբյանն է, շինությունը երկհարկանի է, նկու¬ղով, իսկ կողային ծավալների միջև կազմակերպված է ծառերի փոքրիկ պուրակ։ Առանձնապես շքեղ և ինքնատիպ է մասնավորապես ապակե պատկերով հարդարված գլխավոր ճակատը։ Տունը պատկանել է հայտնի վիրաբույժ Հովհաննես Հովհաննիսյանին։ Այս շենքում է գործում Արտասահմայան երկրների հետ մշակութային կապերի հայկական ընկերությունը (ԱՕԿՍ-ի շենքը)։

Փողոցով բարձրանալով` կտեսնեք խորհրդային տարիներին մայրաքաղաքում կառուցված (1927թ. )1-ին հյուրանոցը` «Երևանը» (40) (այժմ` «Գոլդեն թյուլիփ Երևան»), Ճարտարապետը Նիկողայոս Բունիաթյանն է։ Իր ժամանակին այս հյուրանոցի բացօթյա սրճարանը եղել է ճանաչված հայ մտավորականների սիրված հավաքատեղին (Եղիշե Չարենց, Ալազան, Սողոմոն Տարոնցի, և այլոք)։

Հյուրանոցի դիմաց բացվում է Շառլ Ազնավուրի (նախկինում` «Մոսկվա» կինոթատրոնի) հրապարակը (41), որը նախատեսված է եղել Երևանի 1924թ. գլխավոր հատակագծով։ Հրապարակը կազմակերպվել է 1927-1958թթ., երբ կառուցվեցին «Երևան» հյուրանոցը, «Մոսկվա» կինոթատրոնի (42), Կ. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամատիկական թատրոնի (43) շենքերը և Հայաստանի Նկարչի տունը (44)։ «Մոսկվա» կինոթատրոնը կառուցվել է 1937թ.` ճարտարապետներ Տ. Երկանյանի և Գ. Քոչարի նախագծով։ Ճակա-տին արված են «Չապաև», «Պեպո», «Դավիթ բեկ», «Պար», «Սայաթ-Նովա» և «Բեմ» թեմատիկ բարձրաքանդակները (քանդ.` Ա. Սարգսյան, Ս. Ստեփանյան, Լ. Թոքմաջյան Յու. Պետրոսյան)։


Տեքստի խմաբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/Հայաստան)։


 

Share |