Ագարակ

Վերադառնալ գլխավոր էջ


Ագարակ 1: Պատմությունը

Պատմությունը

Արագածի հարավային մատույցներում, Ամբերդ գետի արևմտյան ափին գտնվող Ագարակի 200 հա տարածք զբաղեցնող (որից 118 հա-ն` արգելոցի ներսում) պատմահնագիտական արգելոցը ներկայացնում է Հայաստանի առավել ուշագրավ հնագիտական հուշարձաններից մեկը` Ագարակի բնակատեղին։ Այն պեղվում է 2001 թվականից` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախմբի կողմից։

Հնավայրի հիմնական առանձնահատկություններից մեկն այն է, որ բնակատեղիի ողջ տարածքը և շրջակայքն ամբողջությամբ պատված են ժայռափոր և քարակոփ կառույցների հսկայածավալ համալիրներով, որոնց մեծ մասը շաղկապվում է Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակատեղիի հետ։ Օգտագործելով տեղական ռելիեֆի առանձնահատկությունները` Ագարակի հնագույն բնակիչները տուֆի հսկայան զանգվածները վերածել են քարակոփ կառուցվածքների մի ամբողջական համալիրի։

Ամբերդի հոսանքն ի վար, տասնյակ հեկտարների վրա անընդմեջ շարունակվող քարաժայռերը, տուֆի ելքերը, քարաբլուրներն ու տուֆի հարթակները, ինչպես նաև առանձին կանգնած ժայռաբեկորներն ամբողջ մակերեսով, մշակված են եզրերով։ Քարաժայռերի և հարթակների ճակատային մասերը նույնպես մշակվել են։ Առկա են ժայռափոր խորշեր, դեպի այդ խորշերը տանող աստիճանահարթակներ և այլ նշանակության կերտվածքներ։

Բոլոր այս կերտվածքների, ինչպես նաև շրջանաձև, պայտաձև, մեանդրաձև փորվածքների, այդ փորվածքները միմյանց կապող առվակների կամ եռագագաթ, սեղանաձև «զոհարանների» շնորհիվ բնական լանդշաֆտը վերածվել է հսկա կոթողի։ Ծիսական կառույցների այս շարքը հերթափոխվում է արհեստական կառույցներով, որոնք տարածվում են հարթակների շրջակայքում և նրանց միջև ընկած տարածություններում։

200 հա-ից ավելի տարածք զբաղեցնող «ծիսական լանդշաֆտի» նմանատիպ օրինակ մինչ Ագարակի պեղումները Հայկական լեռնաշխարհում փաստագրված չէր։ Այսօրինակ մշակութային երևույթի անմիջական զուգահեռները հայտնի են կենտրոնական Փոքր Ասիայի խեթա-փռյուգական հուշարձաններում (Խաթթուսա-Բողազքյոյ, «Միդասի քաղաք», Պիշմիշ Կալե, Ասար Կալե, Քյոհնյուշ Կալե, Ավդիլաս Կալե, Յազըլկայա, Օսման¬կայասի, Գյավուրկալե, Բեիկյոյ և այլն)։

Հիշատակված հուշարձանախմբերի տարածքներում փաստագրված քարակոփ կերտվածքների ճնշող մեծամասնությունը բացարձակապես կրկնում է ագարակյան օրինակները։ Հիշյալ հուշարձաններն ուսումնասիրող հնագետների միահամուռ կարծիքով նման կերտվածքներով հագեցած ժայռահարթակները ծիսապաշտամունքային կառույցներ են։ Ընդ որում, դրանց մի մասը համարվում է խեթական, մի զգալի մասն էլ` փռյուգական՝ շաղկապվելով հատկապես աստվածների մեծ մայր, լեռների, անտառների և կենդանիների կառավարիչ և պտղաբերությունն հովանավորող Կիբելա աստվածուհու պաշտամունքի հետ։

Տեքստը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի։