Ագարակ

Վերադառնալ գլխավոր էջ


Ագարակ 2: Պեղումներ

Պեղումներ

Մինչ օրս պեղումներ են կատարվում Ագարակի հյուսիսային համալիրի Ձեր առջև բացվող ժայռահարթակի վրա։ Հարթակի հյուսիս-արևմտյան եզրին բացված փողոցը, փողոցի երկու կողմերում առկա կլոր հատակագծով կացարաններն ու քառանկյուն կցակառույցները վկայում են, որ վաղ բրոնզի դարաշրջանում այստեղ եղել է կանոնավոր հատակագծով բնակավայր։

Ըստ ամենայնի` Ագարակի վաղ բրոնզեդարյան բնակավայրի հատակագծային հորինվածքի կենտրոնական տարրը մշակված ժայռահարթակներն են, որոնց շուրջ տարածվել են բնակելի թաղամասերը։

Պեղումներից հայտնաբերված մեծաքանակ խեցեղենը, թրծակավե արձանիկները, կլոր և պայտաձև օջախների, հենակ-պատվանդանների մնացորդները թույլ են տալիս հնավայրի բնակեցման այս շրջանը վերագրել շենգավիթյան կամ քուր-արաքսյան հնագիտական մշակույթի միջին փուլին, որը ժամանակագրվում է Ք.ա. 29-27-րդ դդ. սահմաններում։

Վաղ բրոնզին հաջորդող շերտը խաթարված է և ներկայացված տարբեր դարաշրջաններում տարածքի բնակեցման մասին վկայող նյութերով (միջին բրոնզից մինչև վաղ երկաթ)։

Հարթակի հարավային կողմում բացված ուրարտական ժայռափոր դամբարանի, ուրարտական կնիքով կարասային թաղման և խեցեղենի առկայությունը թույլ է տալիս ասել, որ Ագարակի հնավայրը բնակեցվել է նաև Ք.ա. 8-6-րդ դարերում։ Վանի թագավորության կազմալուծումից հետո Ագարակը քաղաքային տիպի խոշոր բնակավայր էր։


Տեքստը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի։