Ագարակ

Վերադառնալ գլխավոր էջ


Ագարակ 3: Գինու հնձանները

Գինու հնձանները

Պեղված հրապարակներում բացված գինու մեծաքանակ ժայռափոր հնձանները վկայում են, որ խաղողագործությունն ու գինեգործությունն ագարակցիների կյանքում առանձնահատուկ տեղ են զբաղեցրել։ Լինելով Այրարատից դեպի Շիրակ և Անի տանող առևտրական մայրուղու կարևորագույն հանգույցներից մեկը, այս բնակավայրի տնտեսական և առևտրական կյանքը ծաղկում է ապրել հատկապես Ք.ա. 4-3-րդ դարերից մինչև Ք.հ. 2-4-րդ դդ.։

Այդ են վկայում հելլենիստական և ուշ անտիկ շրջանի քաղաքային մշակույթին բնորոշ գունազարդ խեցեղեն պարունակող շերտերից հայտնաբերված Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրախման և Օգոստոս Օկտավիանոսի արծաթե դենարը, ուշ հելլենիստական շրջանի ժայռափոր թաղումներից հայտնաբերված մի քանի կնքադրոշմ մատանիները։ Բնակատեղիի անմիջական հարևանությամբ տարածվել է ընդարձակ գերեզմանոցը, որտեղ թաղումներ են կատարվել Ք.ա. 4-րդ դարից մինչև Ք.հ. 5-6-րդ դդ.։ Հատկանշական է, որ հեթանոսական և քրիստոնեական ծեսերով թաղումները բացվում են միմյանց հարևանությամբ` վկայելով, որ քրիստոնեությունն այս համայնքում տարածվել ու գերիշխող է դարձել բավականին տևական մի ժամանակահատված` դեռևս քրիստոնեությունը պետական կրոն հռչակվելուց առաջ։

Հարթակը, հելլենիստական շերտը և վաղ միջնադարյան թաղումները ծածկող հողի լիցքից հայտնաբերված ջնարակված և խոհանոցային խեցեղենի սակավաթիվ նմուշները վկայում են, որ բնակատեղին բնակեցվել է նաև զարգացած միջնադարում՝ 12-14-րդ դդ.։ Ագարակի հնավայրի բնակեցման վերջին փուլը ներկայացված է 17-18-րդ դդ. բնորոշ նյութերով (խեցեղեն, օջախների հիմքեր, Երևանի խանության կողմից թողարկված պղնձե դրամներ)։


Տեքստը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի։