Ագարակ

Վերադառնալ գլխավոր էջ


Ագարակ 4: Զոհաբերություն

Զոհաբերություն

Ագարակի հուշարձանախմբի բնութագրության համար, առանձնահատուկ նշանակություն ունեն ժայռափոր և քարակոփ կերտվածքների համալիրները, որոնց մեծ մասը շաղկապվում են այստեղ առկա վաղբրոնզեդարյան բնակատեղիի հետ։

Շերտագրական դիտարկումները թույլ են տալիս ասելու, որ Ք.ա. III հազարամյակի առաջին քառորդում, այս տարածքը եղել է քարակոփ կերտվածքներից կազմված մի հս-կայական պաշտամունքային համալիր, որի միկրոռելիեֆի մակերևույթին փորված բազմապիսի ու բազմաթիվ` կլորավուն, թասիկանման, “բանալու անցքեր”, “գիսաստղեր” հիշեցնող, երկաստիճան փոսիկներից, տաշտականման ավազաններից, “լաբիրինթոսներից”, “օթյակներից” “գահերից”, “զոհասեղաններից” և այլ կառուցվածքներից բաղկացած միավորները, հավանաբար, օգտագործվել են ժամանակին այստեղ իրականացված ծիսական արարողությունների համար։

Դատելով դրանց ձևից և հորինվածքից, փոխադարձ դասավորությունից, վերջիններս կարող էին օգտագործվել զոհաբերության` արյան և “սրբազան ջրի” հեղման, նվիրաբերությունների, մաքրագործման, ծիսական զուգավորման և այլ կարգի գործողությունների կատարման համար, որոնք, ըստ ագարակցիների բնապաշտական աշխարհայացքի` “անհրաժեշտ” էին պտղաբերության և արգասավորության ամբողջական շրջափուլն ապահովելու համար։ Նման արարողությունները պետք է պահպանեին “աստվածների աշխարհի” հետ հաստատված կապը և ներդաշնակությունը, հաստատելով մարդկանց և աստվածների միջև կնքված դաշինքը, հայցեին վերջիններիս բարեհաճ վերաբերմունքը։


Տեքստը` ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի։