Աղցք

Վերադառնալ գլխավոր էջ


Աղցք 2: Արշակունի թագավորների դամբարանը, Արշակունիների արքայատոհմը, Հայ Արշակունիների արքայացանկը

Արշակունի թագավորների դամբարանը

Իջե'ք ստորին հարկ. այն ներկայացնում է մի փոքրիկ կառույց` հյուսիսային և հարավային կողմերում որմնախորշերով, իսկ արևելքում` կիսաշրջանաձև խորանով (աբսիդ)։ Որմնախորշերում կգտնեք երկու դամբարան, որտեղ ամփոփված են Արշակունի թագավորների ոսկորները։ Դրանք հարդարված են հեթանոսական և քրիստոնեական վաղ շրջանի զարդաքանդակներով։

Աջ` հարավային կողմում պատկերված է աստվածաշնչյան հերոս Դանիելը առյուծների գբում (փոսում), ինչպես նաև խոյերի քանդակներ, որոնք ներկայացնում են Հայաստանի դժվարին կացությունը Սասանյանների ճնշման տակ։ Ձախ` հյուսիսային կողմում պատկերված են զարմանահրաշ առասպելական կերպարներ կամ աստվածներ` թռչունների ոճավորված խորհրդապատկերներով. մի հորթուկ` խաղողի վազերի մեջ, շրջանակի մեջ վերցված մի խաչ` վերնամասում երկու թռչնաքանդակներով և մի որսորդ` երկու շների օգնությամբ վայրի վարազի վրա հարձակվելիս։

Արշակունիների արքայատոհմը

Արշակունիները հայ թագավորների ամենամեծ արքայատոհմն են, որոնց տիրապետությունը ձգվել է մոտ 400 տարի։ Արշակունիների գահակալության օրոք էր և' քրիստոնեության որպես պետական կրոնի ընդունումը Հայստանում, և' Հայաստանի ազգային ինքնատիպ նկարագրի ձևավորումը և թե' անկախության համար մղվող պայքարը։ Արշակունիների գահակալությունը ընթացավ նախարարական տների միջև անդադար երկպառակությունների ու ներքին գահակալական կռիվների, ինչպես նաև արտաքին ուժերի` Հռոմի և Պարսկաստանի կողմից շարունակական ճնշման պայմաններում։ Եվս 400 տարի պահանջվեց մինչև նույնքան հզոր Բագրատունիների հայկական թագավորության կազմավորումը։

Հայ Արշակունիների արքայացանկը

Տրդատ Ա /52-ից, պաշտոնապես 66-68 թթ./
Սանատրուկ /88-110 թթ./
Աշխադար /110-113 թթ./
Պարթամասիր /113-114 թթ./
Վաղարշ Ա /117-140/144 թթ./
Բակուր Բ /161-163 թթ./
Վաղարշ Բ /186-198 թթ./
Խոսրով Ա /198-216 թթ./
Տրդատ Բ /217-252 թթ./
Խոսրով Բ Մեծ /279-287 թթ./
Տրդատ Գ Մեծ /287-330 թթ./
Խոսրով Գ Կոտակ /330-338 թթ./
Տիրան /338-350 թթ./
Արշակ Բ /350-368 թթ./
Պապ /369-374 թթ./
Վարազդատ /374-378 թթ./
Արշակ Գ /378-389 թթ./
Խոսրով Դ /384-389 թթ./
Վռամշապուհ /389-417 թթ./
Արտաշես Գ /422-428 թթ./


Տեքստի խմբագրումը` ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ-ի։ Հաստատումը` ՀՀ մշակույթի նախարարության։