Ախթալա

Վերադառնալ գլխավոր էջ


Ախթալա 3: Ախթալայի վանական համալիրը

Ախթալայի վանական համալիրը

Ախթալայի ամրոցը կանգնեցվել է բարձրադիր ընդարձակ հրվանդանի վրա` բնական պատնեշներ հանդիսացող ժայռապատ խոր ձորերով եզերված։ Որոշ չափով բաց տարածքները պաշտպանված են աշտարակներով ու պարիսպներով։ Ամրոցի միակ մուտքը հյուսից է` պաշտպանված շրջանաձև հատակագծով եռահարկ կոնաձև աշտարակով ու պարիսպներով։ Շինանյութը կապտավուն բազալտն է` կրաշաղախով։

13-րդ դ. եռահարկ աշտարակը (2) բարձրանում է գլխավոր մուտքի` թաղածածկ եռակամար սրահի արևելքից։ Աշտարակավոր պարսպապատերը (1) պաշտպանում էին ամրոցի ներսում գտնվող վանքի հյուսիսային մուտքը։ Վանքի գլխավոր եկեղեցին Սբ Աստվածածինն (8) է, եկեղեցուն կից սրահը (7) և փոքրիկ եկեղեցին (9), որտեղ ըստ պատմիչներ Վարդան Արևելցու և Կիրակոս Գանձակեցու` թաղված են իշխան Իվանե Զաքարյանը և նրա որդին` Ավագը։

Սբ Աստվածածին եկեղեցուց դեպի հյուսիս` պարսպա-պատին կից, բնակելի եւ տնտեսական շինություններ (3) են եղել, որոնցից պահպանվել են կրկնահարկ կառույցի (հնարավոր է` մենաստանի կամ սեղանատան) (5) պա-տերը։ Կառույցը հարում է արևելյան պարսպապատին և ունեցել է փայտե ծածկ. հնարավոր է նաև, որ այստեղ տեղակայվել է ամրոցի պահակախումբը։ Պահպանված պատերը վկայում են այս շինության չափսերի մասին. այն ունեցել է մեկ սրահ և ընդհանուր ննջասենյակներ։ Շինությունը ելք ուներ դեպի գետի կիրճը տանող թունել, դեպի բաղնիք (6) և ստորգետնյա ամբարներ։

Գլխավոր եկեղեցու կողքին` վանքի բակի հյուսիս-արևելքում, կանգուն է միանավ թաղածածկ 13-րդ դ. եկեղեցին (4)` արևելյան ճակատից դուրս եկող կիսա-շրջանաձև խորանով, ինչը բնորոշ է հայկական եկեղեցաշինությանը` 5-6-րդ դարերից սկսած։

Շրջակայքը
Ախթալան ռազմապաշտպանական և հոգևոր հզոր կենտրոն է եղել, ինչի մասին են վկայում գյուղի 10-13-րդ դդ. բազմաթիվ ամրաշինությունները, եկեղեցիները և մատուռները։ Մայրուղի վերադառնալու ճանապարհին` աջից, ժայռակատարի վրա կտեսնեք Սբ Երրորդություն վանքը, որն ունի երկու իրար կից եկեղեցիներ, մատուռ, մեծ սրահ և ստորգետնյա սենյակներ։

Ախթալայի մյուս հուշարձաններից են Առաքելոց կամ Սբ Գեւորգ եկեղեցին, 13-րդ դ. աղբյուր-հուշարձանը` բրոնզեդարյա վիշապաքարի տեղում կանգնեցված, երկու եկեղեցի և Բարսեղյան մատուռը։ Վանական համալիրի հյուսիս-արևմուտքում գտնվում է 19-րդ դարավերջին կառուցված Ռուսական մատուռը։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։