Ախթալա

Վերադառնալ գլխավոր էջ


Ախթալա 4: Սբ Աստվածածին (8)

 Սբ Աստվածածին (8)

Ախթալայի վանական համալիրի գլխավոր եկեղեցին Սբ Աստվածածինն է։ Եկեղեցու կառուցման ճշգրիտ տարեթիվն անհայտ է. ընդունված այն համարել 11-13-րդ դդ. շինություն, թեև ներկայիս եկեղեցին կառուցվել է ավելի վաղ շրջանի շինության տեղում։ Միջնադարյան հայ պատմիչ Կիրակոս Գանձակեցու վկայությամբ` Իվանե Զաքարյանը թաղվել է եկեղեցու դիմաց 1227-ին, իսկ Ստեփանոս արք. Օրբելյանը «Պատմութիւն նահանգին Սիսական» աշխատությունում 1216 թվականի ներքո հիշատակում է Պղնձահանքի, այն է` Ախթալայի վանքը, որի ինչպես գլխավոր, այնպես և ամենահին եկեղեցին Սբ Աստվածածինն է։ Մեր օրերի մասնագետների կարծիքով` եկեղեցու որմնանկարները թվագրվում են 1205-1276 թթ.։

Ախթալային կից Այոր կոչվող տեղում հայտնաբերվել է Ախթալայի Սբ Աստվածածին եկեղեցու շինարարությանը նվիրված մի խաչքար, որի հետևի կողմում պահպանվել է իշխանուհի Մարիամի` Գուրգեն Բ-ի (Կյուրիկե Բ) դստեր 1118-ին կատարված հետևյալ արձանագրությունը. «Ես` Կյուրիկեի դուստր Մարիամս, Պղնձահանքում կառուցեցի Սբ Աստվածածին եկեղեցին. նրանք, ովքեր պատվում են մեզ, թող հիշեն մեզ իրենց աղոթքներում»։ Մարիամը նաև հովանավորել է Հաղպատի (1185 թ.) գլխավոր եկեղեցու մեծ գավթի կառուցումը։

Համաձայն տեղի ավանդության` եկեղեցին 7-րդ դ. կառուցել է բյուզանդական կայսր Հերակլը, ով ծագումով հայ էր։ Ըստ մեկ այլ ավանդության` այն 5-րդ դ. կառուցել է վրաց թագավոր Վախթանգ Ա Գորգասալին։ Երկու վարկած-ներն էլ հիմնավորված չեն։

Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ` այստեղ միառ-ժամանակ պահվել է իր «հրաշագործությամբ» հայտնի Հովհաննես եպիսկոպոսի խաչը, որն ավելի ուշ հայտնվում է Նորավանքի եպիսկոպոս Ստեփանոսի մոտ, ով եկեղեցական հանդերձանքի երկու թանկարժեք իրերի հետ գրավ է դնում։ Հետագայում Պռոշ իշխանի հայրը` Վասակ Պռոշյանը, այդ մասունքն ընծայել է Իվանե Ա Զաքարյանին, ով իր հերթին այն 1216 թ. վերադարձրել է Նորավանքին` մեծ գումար պահանջելով։

Սբ Աստվածածինը ուղղանկյուն հատակագծով խաչաձև գմբեթավոր հորինվածք է, որի արևելյան կողմում ցածր բեմով կիսակլոր ավագ խորանն է` երկու կողմերում կրկնահարկ խորաններով։ Ձգված աղոթասրահը երկու զույգ կամարներով բաժանվում է երեք նավերի։

Եկեղեցին պսակող նախնական հսկա գմբեթը չի պահպանվել։ Այն վնասվել է Լենկ Թեմուրի արշավանքի ժամանակ և վերջնականապես ավերվել 1784-ին Ավարական խանության Օմար խանի` Դաղստանից Անդրկովկաս ներխուժման ժամանակ։ 19-րդ դ. Կովկասի փոխարքա իշխան Միխայիլ Վորոնցովի հանձնարա-րությամբ քանդված գմբեթի տեղում կառուցվել է թիթեղապատ կիսագնդաձև փայտե գմբեթ։ Այս գմբեթը վերանորոգվել է խորհրդային տարիներին։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։