Ախթալա

Վերադառնալ գլխավոր էջ


Ախթալա 5: Սբ Աստվածածնի որմնանկարները: Նշանավոր մարդիկ

 Սբ Աստվածածնի որմնանկարները

Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է 11-րդ դարին և անմիջական աղերս ունի ժամանակի հայկական մանրանկար-չության, հատկապես` «Մողնու Ավետարանի» պատկերազարդման հետ։ Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները` հայկական մանրանկարչությանը։ 13-րդ դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին։ Դրանց մեծ մասն ունի հունարեն, մյուս մասը` վրացերեն արձանագրություններ և արվել են աթաբեկ (թագավորահայր) Իվանե Զաքարյանի իշխանության օրոք։

Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարաններից առանձին դրվագներ, սրբապատկերներ, այդ թվում` Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է` գահին նստած, Մանուկ Հիսուսը գրկին (պահպան-վել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ցած` հաղորդության` խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուս պատկերված է երկու անգամ` մերթ շրջված դեպի աջ և մերթ դեպի ձախ` առաքյալների հետ հացը կիսելիս։ Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։

Քիչ ավելի ներքև` ողջ հասակով պատկերված են սրբեր, ի թիվս որոնց` Հռոմի Սեղբեստրոս պապի, Հակոբ Տյառնեղբոր, Հովհան Ոսկեբերանի, Բարսեղ Մեծի, Գրիգոր Ա Լուսավորչի, Աթանաս Ալեքսանդրացու, Հռոմի Կլեմենտ (Կղեմես) պապի, Գրիգոր Սքանչելագործի, Կյուրեղ Ալեքսանդրացու, Գրիգոր Աստվածաբանի, Կիպրիանոս Կարթագենացու պատկերները։ Արևմտյան պատի որմնանկարներում պատկերված է երկնային արքայությունը, իսկ հյուսիսային պատին` Հիսուսի չարչարանքները, Կայիափա քահանայապետն ու հռոմեական կառավարիչ Պիղատոս Պոնտացին։ Կամարները, միջնապատերն ու սյուները նույնպես պատկերա-զարդված են սուրբգրային թեմաներով և սրբերի դիմապատկերներով։ Որմնանկարների մի մասը վերականգնվել է 1979 թ.։

Նշանավոր մարդիկ

Մոտակա խաչքարերի արձանագրությունները վկայում են, որ 1240-ականներին վանքի առաջնորդն է եղել ոմն Պետրոս (Պետրե)։ Վանքում գործել է գրիչ և թարգմանիչ Սիմեոն Պղնձահանեցին, ով (1188- 1255 թթ.) եղել է կրոնավոր, թարգմանել բյուզանդական աստվածա-բանական գրականություն։ Նա համագործակցում էր քաղկեդոնական դավանանք ընդունած մեկ այլ հայի` Մինաս Սյունակյաց Տրապիզոն-ցու հետ։ 1227-ին Սիմեոնը կազմել է Գրիգոր Նյուսացու աշխատու-թյունների գիրքը։ Գրքի հիշատակարանում Սիմեոնը գրում է.

«ՑՉԼԵ (6735 թ.) հավիտենական թվականին (ժամանակակից 1227թ.) գրվեց և ավարտվեց եպիսկոպոս Գրիգոր Նյուսացու գիրքը` ընտիր և լավ հին օրինակներից, որ թարգմանիչների (կողմից) գրված էին. (գրվեց) ձեռքով մեղապարտ և անարժան կրոնավոր Սիմեոնի, Հայոց երկրում, Լոռիի մոտ, վանքում, որ կոչվում է Սպլենձահան (Պղնձահանք), Սուրբ Աստվածածնի հովանու ներքո, իշխանության օրոք Իվանե աթաբեկի, ում Տերը երկար ժամանակ տա` որդիներով հանդերձ»։

Ժամանակակից տարեթիվը կազմվում է հայկական հավիտենական` 6735 թ. և բյուզանդական (քաղկեդոնական) 5508 թ. օրացույցների տարբերությունից, որոնցից յուրաքանչյուրը տարբեր ձևով է հաշվարկում Ադամի արարման տարեթիվը։

Սիմեոն Պղնձահանեցին վրացերենից հայերեն է թարգմանել Պրոկլ Դիադոխոսի «Շաղկապք աստուածաբանականք», Հովհաննես Դամասկացու «Աղբիւր գիտութեան», Հովհաննես Սինայեցու «Սան-դուղք աստուածային ելից», «Պատմութիւն վրաց» և «Ժամագիրք յունաց» գրքերը։

20-րդ դարի հայ նշանավոր ռեժիսոր Սերգեյ Փարաջանովն իր «Նռան գույնը» կինոնկարի երկու հատված նկարահանել է Ախթալայի վանքում։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի։