Ամբերդ

Վերադառնալ գլխավոր էջ


Ամբերդ 2: Համալիրը. Պարիսպը (1). Մուտքերը

Համալիրը

Ամբերդը կառուցվել է եռանկյունաձև հրվանդանի վրա` Ամբերդ և Արքաշեն (Արխաշան) գետերի միացման տեղում։ Համալիրը բաղկացած է պարսպից, դղյակից, բաղնիքից և եկեղեցուց, ինչպես նաև արտաքին պաշտպանական կառուցներից և դեպի կիրճ տանող սալածածկ գաղտնուղուց։ Ներկայումս Ամբերդում ընթանում են լայնածավալ վերականգնողական աշխատանքներ. վերականգնվում է պարիսպը, բարեկարգվում են դեպի հուշարձան և Ամբերդի կիրճ տանող մոտեցման ուղիները։

Պարիսպը (1)

Ամրոցի կառուցումը իրականացվել է դարերի ընթացքում։ Այն կառուցված է անառիկ հրվանդանի վրա, որը երեք կողմից պաշտպանված է կիրճով` անպաշտպան թողնելով միայն հյուսիսը։ Ամբերդ գետի կողմից կիրճի անմատչելիությամբ պայմանավորված` պարսպապատի անհրաժեշտությունը միայն ամենացածր հատվածում է եղել։ Մինչդեռ Արքաշենի կողմից կիրճը թեև կտրուկ զառիվեր է, բայց ոչ անմատչելի։ Ուստի այս կողմից անհրաժեշտություն էր ամրոցը պատնեշել հզոր պարսպով։ Հյուսիսային հատվածը պաշտպանում է բերդը Արագած լեռան կողմից։

Պարսպապատերը կառուցված են մեծածավալ բազալտե որձաքարերով և կրաշաղախով, ամրացված են հաստահեղյուս բուրգերով։ Միջնադարում հյուսիսային կողմը ամրացվել է կիսաբոլոր բուրգերով, ավելացվել է ամրոցի ատամնավոր երկրորդ պարիսպը, որը 12-13 մ բարձրություն ունեցող աշտարակներ ուներ։

Եռահարկ դղյակը տեղադրվել է բերդաքաղաքի ամենաբարձր մասում` արգելակելով մուտքը հյուսիսից և Արագած լեռան կողմից։

Մուտքերը

Հյուսիսային (2) և Հյուսիս-արևմտյան (3) մուտքերը կառուցվել են համալիրի միջնադարյան ամրաշինական կառույցների հետ միաժամանակ։ Դրանց ավերակները դղյակի հարավ-արևմտյան անկյունից դեպի Ամբերդ գետի կիրճը ձգվող պարսպապատի մոտ են գտնվում։

Կիրճի եզրին ավելի ուշ ժամանակաշրջանում կառուցված կամարակապ մուտքով մի փոքր շինություն է պահպանվել։ Աշտարակներով ամրացված մեկ այլ շինություն ձգվում էր դղյակից մինչև Ամբերդի կիրճը Արքաշեն գետի կողմից։ Շինության կիսաբոլոր աշտարակներից արկեր էին նետում բերդ արշավածների վրա։ Պարսպի այս մուտքերը, ինչպես նաև դեպի Ամբերդ գետը ձգվող պարսպապատը կառուցված են համեմատաբար փոքր քարերով` ամրացված կրաշաղախով։ Ավելի մեծ և մշակված քարերն օգտագործվել են որպես անկյունաքարեր։