Ամբերդ

Վերադառնալ գլխավոր էջ


Ամբերդ 3: Դղյակը (4). Ջրամատակարարումը (6). Բաղնիքը (8)

 Դղյակը (4)

Դղյակի եռահարկ շենքն ունի շուրջ 1500 քառ. մ մակերես։ Կառուցված է կարծր բազալտի մեծաչափ քարերով։ Աշտարակների պատերը թեքություն ունեն` ապահովելով հարձակվողների վրա բարձրունքից վերահսկելը։ Դղյակի հարկաբաժինները միմյանցից բաժանվել են գերանների վրա գամած տախտակներով։ Առաջին երկու հարկերից յուրաքանչյուրում 5-ական սենյակներ կան, որոնք ունեն միաշար, միջանցիկ դասավորություն։ Երեք կենտրոնական սենյակներից ներքին պատով անջատված նախասրահը անկանոն հատակագիծ ունի։

Վերին հարկի բաժանմունքներն ու սենյակները նախատեսված են եղել ընդունելությունների համար։ Սենյակների դասավորությունն ու ընդհանուր տեսքը մինչ օրս պահպանվել է գրեթե անփոփոխ։ Մինչդեռ նույնը չի կարելի ասել ներքին հարդարանքի վերաբերյալ։

Կարելի է միայն ենթադրել, որ դղյակն ունեցել է հարուստ հարդարանք. պեղումների ժամանակ հայտնաբերված գտածոները թույլ են տալիս եզրակացնել, որ սենյակները հարդարված էին նրբին զարդաքանդակներով, նավթի Ճրագներով և բուրվառներով` պատված մետաքսե, դիպակե, բրոնզե, արծաթե և ոսկյա նախշերով։

Դղյակը հրդեհվել է մոնղոլական արշավանքի ժամանակ, այն լքված ու անօգտագործելի էր մինչ 1936 թ. պեղումները։

Ջրամատակարարումը (6)

Ամբերդի համար կենսական նշանակություն է ունեցել (մշտական և, հնարավորության դեպքում, գաղտուղով) ջրամատակարարումը` թե խաղաղ ժամանակներում և թե, հատկապես, պաշարումների ժամանակ, որպեսզի բնակիչները դատապարտված չլինեին ծարավից մահանալու։ Ամբերդի ջուրը բերվել է կավե խողովակներով, 4-5 մ հեռավորությունից։ Դղյակում և բերդամիջում պահպանվել են ջրամբարներ, ուր ամբարվել է հալչող ձյան և ձորամիջյան աղբյուրների ջրերը։ Բերդաքաղաքում` Արքաշեն գետի կողմից բացված էր զառիթափ սարալանջով իջնող սալածածկ գաղտնուղի, որը ծառայել է պաշարման ժամանակ ջուր վերցնելու համար։

Դղյակը նաև ուներ ջրամբարներ (6)` նախատեսված կենդանիների համար. դրանցից մեկի մնացորդները պահպանվել են մինչ այսօր։

Բաղնիքը (8)

Բաղնիքը կառուցվել է հավանաբար 10-11 դարերում։ Այն թաղածածկ քարե շենք է, փոքրիկ հանդերձարանով և համեմատաբար ընդարձակ լողասրահով։ Ջուրը բաղնիք է բերվել կավե, իսկ տաք ջուրը լողասրահ` երկաթե խողովակներով։ Ջեռուցման համար կիրառվել է «հիպոկաուստ» համակարգը. հնոցի ծուխն անցնելով հատակի տակով, դուրս է եկել պատերի ծխնելույզներով` տաքացնելով լողասրահների հատակն ու պատերը։ Այս համակարգը` սկիզբ առնելով հին Հռոմում, լայն կիրառություն է ունեցել միջնադարյան Հայաստանի դղյակներում և ունևոր տներում։