Ամբերդ

Վերադառնալ գլխավոր էջ


Ամբերդ 4: Կյանքը դղյակում

 Կյանքը դղյակում

Միջնադարյան Հայաստանում կյանքն ընթացել է ճիշտ այնպես` ինչպես ֆեոդալական հասարակարգի պայմաններում աշխարհի այլ մասերում էր. սպասավորներ, ծառաներ, ու դպիրներ, ովքեր ծառայում էին տիրոջը, նրա ընտանիքին ու շրջապատին։

Մեր պատկերացումները դղյակի կյանքի մասին, իհարկե երևակայական են. այդ կյանքը մեզ ուրվագծվում է միջնադարի մասին մեզ ծանոթ գրականության և կինոնկարների միջոցով։ Այդուհանդերձ, իրականում կյանքը դղյակում դյուրին չի եղել անգամ տիրոջ և իշխանական ընտանիքի համար։

Դժվարություններից մեկը թեկուզև ջեռուցման խնդիրն էր. եղել է միայն բուխարի կամ հնոց, որոնց կրակը պետք է մշտապես վառ պահվեր։ Իհարկե, ջեռուցումն ապահովվել է միայն տիրոջ և նրա ընտանիքի համար։ Ծառաները, զինվորները և այլոք ստիպված էին բավարարվել թույլ ճրագով և հանդուրժել ցուրտ ձմեռները։ Անգամ տարվա ամենատաք ամիսներին, դղյակում զով էր ու խոնավ, և ամենքի համար, հավանաբար, գերադասելի է եղել աշխատել ու հնարավորինս երկար ժամանակ անցկացնել դրսում։

Օրվա անցուդարձը, անկասկած, սկսվել է առավոտ կանուխ, երբ ժամապահներից մեկը փողի օգնությամբ ազդարարել է օրվա սկիզբը։ Ծառաներն արթնանալուն պես վառել են խոհանոցի վառարանը և գլխավոր սրահի բուխարու կրակը. սկսվում էր նախաճաշի պատրաստությունը։ Քանի որ ճաշը մատուցվում էր կեսօրից հետո, բավարար ժամանակ կար սենյակներում մաքրություն անելու, սպասքը լվանալու, ճաշ պատրաստելու համար, որը եփվել է մետաղական կաթսաներում։

Երբ տերն ու տիկինը արթնանում էին, սպասուհիները հավաքում էին նրանց սենյակները, ավլում, դատարկում գիշերանոթները և լվանում տաշտերը։ Լվացարարուհիներն անցնում էին իրենց գործին։ Թեթև նախաճաշից հետո տերն ու տիկինը այցելում էին եկեղեցի` առավոտյան աղոթքի։

Քանի որ դղյակի տերը նաև մեծ կալվածքներ ու հողակտորներ ուներ, ուր աշխատում էին գյուղացիներ ու մշակներ, օրվա մի մասն էլ նա բնականաբար զբաղվում էր տնտեսության հարցերով` խորհրդակցելով օգնականների ու գործակալների հետ։ Խորհրդականներից մեկը հաճախ հոգևորական էր. եկեղեցին մեծ դեր ուներ քաղաքական և աշխարհիկ խնդիրներում։ Մի քանի նշանավոր եպիսկոպոսներ և քաղաքական գործիչներ (այդ թվում` Գրիգոր Մագիստրոս Պահլավունին) մասնակցում էին երկրի համար քաղաքական նշանակություն ունեցող որոշումների կայացմանը։ Իրենց գործունեությամբ նրանք փորձում էին կանխել ներքին երկպառակությունները և պաշտպանել բերդաքաղաքը արտաքին թշնամուց։

Տղամարդիկ որսով էին զբաղվում. վաղ առավոտյան արարողակարգի մի մասն էր կազմում բազեորսությունը։ Միջնադարում լայն տարածում ուներ վարազի, եղնիկի, այծյամի, վայրի ոչխարի, ինչպես նաև արջի և հովազի որսը։

Դղյակի տիրուհու կարիքները հոգում էին սպասուհիները, իսկ ազնվական օրիորդները զբաղեցնում էին նրան։ Հիմնականում տիրուհին էր վերահսկում դղյակի կանանց աշխատանքը, այդ թվում նաև` խոհանոցում աշխատողների, թել մանողների, գործողների և ասեղնագործողների աշխատանքը։

Դղյակում տեղակայված զինվորները կազմում էին կայազորը։ Կայազորը բաղկացած էր ասպետներից, ժամապահներից, պահակներից և զինյալ հեծելազորից։ Հարձակման դեպքում յուրաքանչյուր զինվոր գիտեր իր տեղը և իր անելիքը։ Չնայած զենքերի պարզությանը, միջնադարյան ռազմարվեստը հիրավի բարդ գիտություն էր։

Կյանքը դղյակում, հավանաբար, աշխույժ և աղմկոտ էր (նաև լի տհաճ հոտերով). ախոռում աղմկում էին անասունները, դարբինները երկաթ էին կռում, զինվորները վարժանքներ էին անում, մանուկները դասերի ավարտից հետո խաղում ու աղմկում էին։ Տարբեր արհեստավորներ ջանասիրաբար աշխատում էին ներքին բակում` պատրաստում էին զենք ու զրահ, խոհանոցային պարագաներ, տակառների համար օղակապեր, աշխատանքային գործիքներ։

Տոն օրերին առօրյա հոգսերը կարծես մոռացվում էին։ Գեղջուկները դղյակի բնակիչների հետ միասին ուրախանում էին` իրենց զգալով առավել ազատ ու անհոգ։