Ամբերդ

Վերադառնալ գլխավոր էջ


Ամբերդ 5: Սուրբ Աստվածածին եկեղեցին (9). Խաչքարերը. Վիշապաքարերը

 Սուրբ Աստվածածին եկեղեցին (9)

Եկեղեցին կառուցվել է 1026 թ. հրվանդանի ծայրին, հայոց մեծանուն սպարապետ, իշխան Վահրամ Պահլավունու կողմից, ով 1042 թ. Բագրատունիների մայրաքաղաք Անիում ջախջախեց բյուզանդական և սելջուկյան զորքերը` ժամանակավոր խաղաղություն հաստատելով Հայաստանում։ Կառուցվել է Արքաշեն գետի կողմի պարսպապատի մոտ։ Այն արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով հովհարաձև վեղարով ավարտվող կենտրոնագմբեթ կառույց է։

Ամբերդի եկեղեցին Հայաստանում այն առաջին եկեղեցիներից է, որոնց խաչաթևերի 4 անկյուններում կազմակերպված են կրկնահարկ ավանդատներ։ Վերջիններիս անկյուններից բարձրացող կամարները պահում են 12-նիստանի թմբուկը։ Եկեղեցին ունի ներդաշնակ համաչափություններ և զուսպ արտաքին հարդարանք։ Ճակատների հարդարանքում առանձնանում է հարավային ճակատին բացված կամարակապ մուտքը` զարդարված սյունափնջերով։

Խաչքարերը

Եկեղեցու պատին հենված է 8-9 -րդ դարերով թվագրվող մի խաչքար։ Խաչի թևերը չեն ավարտվում վարսանդապտղային զարդերով` ինչը սովորաբար բնորոշ է խաչքարերի 11-13 դդ. օրինակներին։ Խաչի տակ փորագրված է հստակ, բայց համեստ Կենաց ծառը, չորս զույգ օղակներով, որոնց ընդհանուր թիվը կազմում է 8` հեթանոսական և քրիստոնեական խորհրդապաշտության մեջ այդ թիվը մոգական նշանակություն ունի։ Խաչքարի պարզ հորինվածքը` մեծ հիմնախաչը և խաչաթևերի մշակումը թույլ են տալիս ենթադրել, որ այն խաչքարային արվեստի վաղ օրինակներից է և քանդակվել է եկեղեցուց դարեր առաջ։

Վիշապաքարերը

Ամբերդի և Արագած լեռան միջև ընկած հատվածում հանդիպում ենք վիշապաքարերի /վիշապների/։ Վիշապները մեզ են հասել նոր քարի և բրոնզի դարերից, երբ մարդը կենարար աղբյուրները սրբատեղի էր համարում ու պաշտում։ Ձկնակերպ կերտված քարերը սովորաբար տեղադրվել են ջրի աղբյուրների մոտ։ Վիշապաքարերը նախաքրիստոնեական պաշտամունքի հուշարձաններ են, քրիստոնեության ընդունումից հետո դրանցից շատերը վերածվեցին խաչքարերի` քարի դիմահայաց մակերեսին խաչ քանդակելով։ Խաչքարերի հորինվածքում հաճախ օգտագործվել են հեթանոսական խորհրդանիշներ` արևը, Կենաց ծառը և սրբազան (Պյութագորեսի) երկրաչափությունը, ըստ որի թվերն ու պատկերները կիրառվել են աստվածների հետ հաղորդակցվելու նպատակով։

Հեթանոսական շատ տաճարներ ևս կառուցվել են աղբյուրների մոտ, և, ըստ պատմաբանների, վիշապաքարերի մոտ, որոնք հաճախ կանգնեցված էին բնակավայրերից հեռու, մեկուսի վայրերում։ Մեկուսի վայրերում վանքեր ու եկեղեցիներ հիմնելու միջնադարյան սովորույթը, հնարավոր է, որ նախաքրիստոնեական արմատներ ունի, ինչպես նաև թելադրված է թշնամիներից հաքնվելու կարիքով։