Մոմիկ` Արատես

Վերադառնալ գլխավոր էջ


Արատես (Արիտես, Արատինեց) վանք

Արատես (Արիտես, Արատինեց) վանք

Արատեսի վանքի գլխավոր եկեղեցին չափսերով փոքր, բայց շատ գեղեցիկ է։ Նրա գմբեթի մեծ մասը փլված է, իսկ պատերը խարխուլ վիճակում են։ Ժողովրդական ստուգաբանությամբ`անունն առաջացել է «արի» և «տես» բառերի զուգորդումից։

Վանքը հիմնականում բաղկացած է կիսավեր երեք եկեղեցիներից և գավթից։ Հյուսիսից հարավ կողք կողքի տեղադրված են Սբ Սիոն, Սբ Կարապետ և Սբ Աստվածածին եկեղեցիները։

Սբ Սիոն եկեղեցին թվագրվում է 7-րդ դարով։ Վանքի հակառակ կողմում գտնվում է Սբ Աստվածածին եկեղեցին։ Այն պատկանում է խաչագմբեթ եկեղեցիների տիպին, կառուցման ժամանակն անհայտ է, սակայն ներքուստ կա 1073 թ. արձանագրություն։

Սբ Սիոն և Սբ Աստվածածին եկեղեցիների միջև կառուցվել է քառակուսի հատակագծով Սբ Կարապետ գավիթ-եկեղեցին, որի կառուցման ստույգ տարեթիվը հայտնի չէ, բայց ներքուստ պահպանվել է 1251թ. արձանագրություն։

Վանքի ուշագրավ հուշարձանը գավիթ-ժամատունն է։ Այն իշխան Սմբատ Օրբելյանի պատվերով 1270 թ. կառուցել է տվել վանքի առաջնորդ Հայրապետը` ճարտարապետներ Սիրանեսին և Գրիգորիսին։ Գավթի ծածկն իրականացված է փոխհատվող կամարների կիրառման ինքնատիպ ձևով` հյուսիս-հարավ ուղղությամբ ձգվող մեկ զույգ կամարներից դեպի արևելյան և արևմտյան պատերին են ուղղված մեկական կիսակամար։ Զույգ կիսակամարների կենտրոնում շրջագծային հիմքով ստալակտի-տավոր գմբեթն է (այժմ` քանդված)։

Ստեփանոս Օրբելյան մետրոպոլիտի ժամանակ՝ 1280-ական թթ. վերջերից, Արատեսի վանքը եղել է Սյունյաց մետրոպոլիտների ամառային նստավայրը (բուն աթոռանիստը գտնվում էր Նորավանքում)։ Արատեսը եղել է գրչության կենտրոն։

Վանքի ամենավաղ արձանագրությունը վերաբերում է 907, իսկ ամենաուշը` 1713 թվականին։


Տեքստը տրամադրել է ՀՀ մշակույթի նախա-րարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Խմբագրումը` ԻԿՕՄՕՍ Հայաստան ՀԿ-ի և Կարեն Մաթևոսյանի («Մոմիկ մանրանկարիչ» գրքի համահեղինակ և «Մոմիկ» գրքի հեղինակ) ։