Արուճ

Վերադառնալ գլխավոր էջ


Արուճ 1: Պատմությունը

Պատմությունը

Բնակավայրի անունն 1-ին անգամ հիշատակում է պատմիչ Եղիշեն (5-րդ դ.), որի վկայությամբ Արուճը Արշակունի թագավորների ժամանակ արքունական բանակի ձմեռանոցներից մեկն է եղել։ Սակայն բնակավայրի պատմության ամենանշանավոր շրջանը կապվում է Հայոց իշխան Գրիգոր Մամիկոնյանի (661-685 թթ.) անվան հետ, երբ Արուճը դարձավ տեղում ընտրված, արաբական խալիֆի կողմից հաստատված և Հայաստանի կառավարումն իրականացնող Հայոց իշխանի նստավայրը։

Ըստ պատմիչներ Մովսես Խորենացու և Սեբեոսի` ավանդաբար Մամիկոնյանները համարվում են սերված Մամիկից ու Կոնակից, որոնք 3-րդ դ. կեսերին Հայաստան են գաղթել Ճենաց աշխարհից` Չինաստանից։ Տոհմի նահապետը Վաչե Մամիկոնյանն էր (ծննդյան թիվն անհայտ – մահացել է մոտ 338 թ.). իսկ նախարարական տան ծաղկուն ժամանակաշրջանը սկսվում է մոտ 350 թվականից, երբ հայոց սպարապետ է կարգվում Վասակ Մամիկոնյանը (ծննդյան թիվն անհայտ – մահացել է 368 թ)։

Մամիկոնյան սպարապետներից Համազասպի (4-րդ դ. վերջ) և Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին էր Վարդանանց պատերազմի առաջնորդ Վարդան Մամիկոնյանը (ծնվել է 388/391 թ.), որը հերոսաբար զոհվել է 451 թ. մայիսի 26-ին Ավարայրի ճակատամարտում և հայոց եկեղեցու կողմից դասվել «հայրենիքի սուրբ նահատակների շարքը»։

Պարսկական բռնապետության օրոք Մամիկոնյանները դաշնակցային կապեր հաստատեցին Հռոմի հետ` իրենց որդիներից շատերին ուղարկելով ծառայության բյուզանդական բանակ, ուր վերջիններս հասան ամենաբարձր պաշտոնների. ոմանք նույնիսկ բյուզանդական կայսրեր կարգվեցին (հայազգի Լևոն կայսրը և Վասիլ 1-ը)։ Բյուզանդական հայազգի Թեոդորա կայսրուհին և նրա եղբայրներ Վարդաս ու Պետրոնաս պատրիկները ևս սերում էին Մամիկոնյաններից։

Մամիկոնյանների թուլացումը պայմանավորված էր 772-775 թթ. նրանց գլխավորած հակաարաբական մեծ ապստամբության պարտությամբ, ինչպես նաև Բագրատունիների նախարարական տան կողմից հյուսված խարդավանքներով։


Տեքստի խմբագրումը` ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ-ի։
Հաստատումը` ՀՀ մշակույթի նախարարության։