Արուճ

Վերադառնալ գլխավոր էջ


Արուճ 3: Մամիկոնյանների պալատը

Մամիկոնյանների պալատը

Պեղումների ընթացքում տաճարի հարավ-արևելյան կողմում բացվել են Արուճի պալատի մնացորդները։ Այն կրկնում է Դվինի կաթողիկոսական պալատի հորինվածքը, սակայն ունի առանձնահատկություններ. ուսումնասիրողների մեկնաբանությամբ` Գրիգոր Մամիկոնյանը պատվիրել է այնպիսի պալատ կառուցել, որը նման կլիներ Դվինի կաթողիկոսանիստին։

Պալատական համալիրը բաղկացած է երկու առանձին շինություններից` մեծ դահլիճից և սյուզարդ դահլիճով աշխարհիկ շենքից։

Բուն պալատը սյունազարդ դահլիճն է (2), ուր այժմ էլ կարելի է տեսնել գահասրահը զարդարող 2 հսկա, քանդակազարդ խոյակներ։ Դահլիճի կենտրոնական սրահը հսկա սյուներով բաժանվել է երեք նավերի` կրկնելով Դվինի արքայական պալատի հորինվածքը. Արուճի պալատը թեև ունի նույն լայնությունը, բայց զիջում է երկարությամբ։

Ինչ վերաբերում է պալատի մեծ դահլիճին (4), ապա դրա կառուցվածքային որոշ առանձնահատկությունները (գետնախարիսխ, հյուսիսային պատին արված խաչաքանդակներ) հուշում են, որ այն սկզբնապես եղել է եկեղեցի, որը հետագայում վերակառուցվել է։ 2006-2007թթ. հուշարձանի տարածքում իրականացված մասնակի պեղման և մաքրման աշխատանքների արդյունքները հաստատում են այս ենթադրությունը։

Սյունազարդ դահլիճում պահպանված երկու քանդակազարդ խոյակներից մեկը Դվինից հայտնաբերված խոյակների կրկնօրինակն է`զարդարված լայնատերև արմավենիներով, իսկ գլխամասում` խաղողի տերևներով ու մրգերով։ Մյուս խոյակը չափերով ավելի փոքր է և նման է 1-ինին` միայն այն տարբերությամբ, որ սրա գլուխը զարդարված է վեցաթև աստղերով։

Գահն իր տեսակի մեջ Հայաստանում միակ պահպանվածն է և տեղադրված է կենտրոնական նավի արևելյան ծայրում, ունի 1.3 x 1.6 մ չափեր։ Այն կերտված է տուֆից, իսկ թիկունքը` քանդակված է և հարմարեցված նստելու համար ։


Տեքստի խմբագրումը`ԻԿՕՄՕՍ/Հայաստան ՀԿ-ի։ Հաստատումը` ՀՀ մշակույթի նախարարության։