Երևան` Բեհբութովսկայա փողոց

Վերադառնալ գլխավոր էջ


Շրջայց Երևանով, Բեհբութովսկայա (այժմ` Փավստոս Բուզանդի) փողոց

 Շրջայց Երևանով, Բեհբութովսկայա (այժմ` Փավստոս Բուզանդի) փողոց

19-րդ դարի 2-րդ կեսի – 20-րդ դարի սկզբի Երևանը քաղաքաշինական գործունեության արդյունքում ամբողջապես կերպարանափոխվում է։ Փողոցները, ի թիվս դրանց` Բեհբութովսկայա (Փավստոս Բուզանդ) փողոցը, կառուցապատվում են համաձայն քաղաքի Գլխավոր հատակագծի։

Քաղաքի կենտրոնական մասում, Կոնդի բարձրունքից դեպի Տեր-Ղուկասովի (այժմ` Նալբանդյան) փողոց ձգվում էր Բեհբութովսկայա փողոցը, որի կառու-ցապատումը սկսել է 1830-ականներից։ Փողոցն ուներ մոտ 1 կմ երկարություն և մոտ 11մ լայնություն։ Այն անվանվել է Բեհբութովսկայա` ի պատիվ Կովկասում հայտնի զինվորական գործիչ, գեներալ Վասիլի Բեհբութովի (1791-1858թթ.), ով սերում էր ազնվական ծագում ունեցող հայկական տոհմից։

Բեհբութովսկայա փողոցը հիմնականում կառուցապատված էր բնակելի տներով` բնորոշ քաղաքի 19-20-րդ դարերի ճարտարապետությանը. տնամերձ հողամաս, ներքին բակ և փողոցի եզրին գտնվող բնակելի մասնաշենք։ Համեմատաբար վաղ շրջանի տները ունեն աղյուսե շարվածք, ավելի ուշ կառուցածները` բազմերանգ տուֆի ռուստով մշակված ճակատներ, փայտե ավանդական պատշգամբներ`նախշազարդ մետաղական բազրիքներով։Տների գլխավոր ճակատի հորինվածքում տիրապետում է շքամուտքը` հիմնականում շեշտված երթանցով (դալան)։

19-20-րդ դդ. հայտնի Ճարտարապետ Բորիս Մեհրաբյանի նախագծով է կառուցված Հովհաննես Գրիգորյանի բնակելի տունը (Փավստոս Բուզանդի փող. 2)։

1920թ. փողոցը ի պատիվ դաշնակցության հիմնադիրներից Սիմոն Զավարյանի կոչվել է նրա անունով, ապա 1921-ին անվանվել է հեղափոխական Ռուբենի անվամբ, ավելի ուշ` Յա. Սվերդլովի։ 1990-ականներից կոչվում է վաղ միջնադարի պատմիչ Փավստոս Բուզանդի անունով։

Փավստոս Բուզանդի փողոցի կառուցապատման «բեհբութովյան» հատվածը մի կտոր է հին Երևանից և քաղաքի պատմական հյուսվածքի կարևոր շերտերից է. փողոցի 2, 4, 8, 9, 11, 17, 25, 26, 30, 32, 38, 39, 51-55 և 107 տները գրանցված են Երևան քաղաքի պատմու-թյան և մշակույթի հուշարձանների պետական ցուցակում։ Թվարկված շինությունների մի մասն ապամոնտաժվել է, իսկ մյուսները պարզապես չեն պահպանվել իրենց սկզբնական տեսքով։


Տեքստի խմբագրումը` Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի Հայաստանի ազգային կոմիտեի (ԻԿՕՄՕՍ/Հայաստան)։

Share |