Մետաքսի Ճանապարհ` Դիլիջան

Վերադառնալ գլխավոր էջ


Մետաքսի Ճանապարհ 3: Դիլիջան

Դիլիջան

«Եթե Աստված մի օր ցանկանա այցելել Հայաստան, ես կբերեմ նրան Հովք [Դիլիջան]։ Հովքի և աշխարհի այլ գեղատեսիլ վայրերի միջև տարբերությունն այն է, որ այստեղ մարդիկ մոռանում են մահվան մասին»։ Գրիգոր Մագիստրոս Պահլավունի (990-1058 թթ.)

Դիլիջանի տարածքը հնում մտել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Վարաժնունիք գավառի մեջ։ Ենթադրվում է, որ այն պատմական Հովքն է, որը Արշակունիների ամառանոցն ու որսատեղին էր։ Այս գեղատեսիլ բնության մի հատված, Աղստև գետի վերին հոսանքի ավազանը` շրջափակված Հալաբի, Միափորի և Արեգունի լեռնաշղթաների լանջերով, շուրջ կես դար է, որ հայտարարվել է Դիլիջանի պետական արգելոց /1958թ./ և զբաղեցնում է մոտ 24 հազ. հա տարածություն։ Դիլիջանի պետական արգելոցի սահմաններում են Պարզ և Տզրկաց լճերը, ինչպես նաև Հայաստանի միջնադարյան պատմամշակութային նշանավոր համալիրներ` Գոշավանքը, Հաղարծինը, Աղավնավանքը, Ջուխտակ վանքը, Մաթոսավանքը, ինչպես նաև հնագիտական կարևորություն ունեցող բնակատեղիներ Ռեդկին-լագերը, Գոլովինոյի ու Խրտանոցի դամբարանադաշտերը։

Դիլիջանի հարավային արվարձանում /նախկին Գոլովինո գյուղի տեղում/ հնագիտական հետազոտությունների արդյունքում բացված բնակատեղին և դամբարանադաշտը թվագրվում են Ք. ա. 8-6-րդ դարերով։ Հայտնաբերված գտածոները` բրոնզե զարդեր, պղնձե դաշույն, սարդիոնի և ագաթե ուլունքներ, վանակատե /օբսիդիան/ նետասլաքներ, պարզ կավամաններ, մարդու և կենդանիների ոսկորներ, ընդհանուր շատ բան ունեն Հայաստանի այլ հնավայրերից հայտնաբերվածների հետ /Լճաշեն, Նոր Բայազետ/։ Ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի մեկ այլ դամբարանադաշտ է Ռեդկին-լագերը` քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, Աղստևի աջ ափին։

«Դիլիջան» անվան շուրջը կան զանազան ստուգաբանություններ։ Ժողովրդական ստուգաբանության համաձայն «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու»։ Ամեն դեպքում այս անվանն 1-ին անգամ հանդիպում ենք ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ուղեգրության մեջ, երբ նա 1664-1670 թթ. ճամփորդել է Անդրկովկասով։

Դիլիջանը լեռնակլիմայական հայտնի առողջարան է։ Անտառային թարմ օդը, տաք արևը և «Դիլիջան» սառնորակ հանքային ջուրը, որը հարուստ է ածխաթթվային հիդրոկարբոնատային նատրիումով, բուժիչ միջոցներ են թոքերի, ոսկրերի և ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ ունեցողների համար։