Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 3: Պատմությունը

 Էրեբունի քաղաք-ամրոցի պատմությունը

Էրեբունին ուրարտական բերդաքաղաք էր` ներկայիս Երևանի տարածքում։ Այն մեկն էր Ուրարտու պետության հյուսիսային սահմանի երկայնքով կառուցված մի քանի քաղաք-ամրոցներից, ինչպես նաև կարևորագույն քաղաքական, տնտեսական և մշակութային կենտրոններից։ Ընդունված է համարել, որ Երևան քաղաքի անունը ծագում է Էրեբունի անունից։

Էրեբունին Ք. ա. 782 թ. հիմնադրել է ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ն (մոտ 785-753 թթ.)` Արաքս գետի հովտին նայող Արին-բերդ բլրին` իբրև թագավորության հյուսիսային սահմանների ռազմաստրատեգիական կենտրոն և թագա¬վորանիստ։ Գրավելով ներկայիս Երևանից դեպի հյուսիս և Սևանա լճից արևմուտք ընկած տարածքները (ուր այժմ Աբովյան քաղաքն է)` Արգիշտին կառուցում է Էրեբունի քաղաքը` շինարարական աշխատանքներում ներգրավելով բազմաթիվ գերիների` թե կանանց և թե տղամարդկանց։

1950 թ. աշնանը Կոնստանտին Հովհաննիսյանի ղեկավարած հնագիտական արշավախումբը Արին-բերդում հայտնա¬բերեց Արգիշտի թագավորի հրամանով արված սեպագիր մի արձանագրություն` նվիրված Էրեբունի քաղաքի հիմնա-դրմանը։ Արձանագրության մեջ ասվում է.

«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

Եվս երկու նմանատիպ սեպագրեր հայտնաբերվել են քաղաքի միջնաբերդում։ Ուրարտական պետության մայրա¬քաղաք Տուշպայում (այժմ` Վան) թողած մեկ այլ արձանա¬գրություն վկայում է, որ Արգիշտին Խաթե և Ծուփանի երկրներից իր նոր քաղաք Էրեբունիում 6600 գերիներ է վերաբնակեցրել։


Էրեբունին եղել է ուրարտական խոշոր ռազմաստրատե-գիական կենտրոններից մեկը, որտեղից Արգիշտի Ա-ն և նրա հաջորդները արշավել են դեպի երկրի հյուսիսարևելյան շրջանները։ Արշավանքների ժամանակ ուրարտական թագավորները բնակվում էին Էրեբունիում` շարունակելով բերդի ամրակայման աշխատանքները։ Սարդուր Բ և Ռուսա Ա արքաները նույնպես էրեբունին վերածեցին դեպի հյուսիս ուղղված նվաճողական ռազմարշավների հենա¬կետի։ Շարունակական պատերազմները հյուծեցին Ուրարտական թագավորությունը, և այն կործանվեց Ք. ա. 6-րդ դ. սկզբին` անընդմեջ պատերազմների հորձանուտում։

Այնուհետև այս տարածքը հայտնվեց Աքեմենյանների տիրապետության ներքո։ Էրեբունին, իհարկե, չկորցրեց իր կարևոր ռազմաստրատեգիական դերն ու նշանակությունը` վերածվելով Հայկական լեռնաշխարհում կազմավորված 18-րդ սատրապության վարչական կենտրոնի։

Չնայած օտարազգի նվաճողների բազմաթիվ արշավանք-ներին` քաղաքը երբեք ամբողջովին չամայացավ և հետագա դարերում շարունակաբար վերաբնակեցվելով` հարատևեց մինչ օրս` այսօր արդեն աշխարհին ներկայանալով որպես քաղաքամայր Երևան։ 2018-ին կտոնվի Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակը։

 


Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի։

Share |