Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 4: Վաղ շրջանի պեղումները

Վաղ շրջանի պեղումները

Արին-բերդ բլրի հետազոտությունների առա¬ջին շոշափելի արդյունքներն ի հայտ եկան դեռևս 19-րդ դարի վերջին, երբ այստեղից հայտնաբերվեց առաջին սեպագիր արձանագրությունը` Արգիշտի Ա-ի կողմից միջնաբերդում հացահատիկի շտեմարան կառուցելու մասին։

Հնավայրի պարբերական պեղումները սկսվել են 1952-ից Խորհրդային Հայաստանի ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի, Ալ.Ս.Պուշկինի անվան կերպարվեստի թանգարանի (Մոսկվա) և Ճարտարապետական հուշարձանների պահպանության և վերականգնման վարչության համատեղ արշավախմբերի կողմից։ Պեղումներն իրականացնող հնագիտական արշավախումբը 1950-1972 թթ. ղեկավարել է Կոնստանտին Հովհաննիսյանը։ Իսկ հայկական, ինչպես նաև տարածաշրջանային հնագիտական ժառանգության համար կարևոր մյուս հնավայրի` Կարմիր բլրի արշավախմբի ղեկավար Բորիս Պիոտրովսկին մշտապես մասնագիտական խորհրդատվություն է իրականացրել Էրեբու¬նիում։

Պեղումների 1-ին շրջանում` 1950-1968 թթ., բացվեցին Արգիշտի արքայի պալատը, ներքին բակեր, դահլիճներ, տաճարներ և 100-ից ավելի սենյակներ։ Հայտնաբերվեցին ուրարտական և աքեմենյան շրջանների բազմաթիվ գտածոներ` կավե ամանեղեն, խեցեղեն, անոթներ, ճարմանդներ, ապարանջաններ, ուլունքներ, սաղավարտներ, նետեր, վահաններ, արծաթե մետաղադրամներ և եղջերագավաթներ (ռիտոն)։

Պեղումները լույս աշխարհ բերեցին նաև որմնանկարների մնացորդներ` ինչպես կրոնա-պաշտամունքային թեմաներով (աստվածների շքերթներ, սուրբ կենդանիներ, կենաց ծառեր), այնպես էլ աշխարհիկ կյանքի դրվագներով` որսորդության, անասնապահության ու գյուղատնտեսության տեսարաններով, այդ թվում նաև` երկրաչափական և բուսական զարդանախշերով։

 


Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի։


 

Share |