Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 7: Միջնաբերդի մուտքը (1a), Եռաշար պարիսպը (3a), Արգիշտի Ա-ի արձանագրությունը (2), Սյունազարդ մեծ դահլիճը (6)

Միջնաբերդի մուտքը (1a)

Բլրի խիստ ռելիեֆը համեմատաբար մեղմանում է հարավային կողմում, ինչը թույլ է տալիս ավելի հեշտությամբ հասնել նրա գագաթին կառուցված միջնաբերդ։ Հենց այս հատվածում էլ գտնվում էր ամրոցի գլխավոր մուտքը` մեկ ընդհանուր առանցքի վրա գտնվող երկու դարպասներով, և դրանց միջև ձախ կողմում տեղակայված պահակազորի սենյակներով։ Դեպի դարպասներ տանող ուղին, որը սկսվում էր վեց փայտե սյուներով և լայնորեն տարածվող աստիճաններով պահակակետ-պորտիկից (1), կառուցված էր աստիճանաձև հարթակներով, իսկ դարպասների միջև` աստիճաններով։ Այս հորինվածքն արդեն ապահովում էր ամրոցի անվտանգությունը` բացառելով ձիավորների և մարտա¬կառքերի մուտքը միջնաբերդ։

Իր ճարտարապետական կառուցվածքով և շքեղ որմնանկար¬ներով արդեն հեռվից աչքի ընկնող պորտիկը (1) ոչ միայն պահակակետ էր, այլ նաև վայր` դեսպաններին և այլ բարձրաստիճան անձանց հանդիսավոր դիմավորելու համար։

Եռաշար պարիսպը (3a)

Գլխավոր մուտքը աջ կողմում ուներ եռաշար պարսպապատ, որը կարելի է միջնաբերդի պաշտպանական հնարքներից մեկը համարել։ Հարձակվող թշնամու համար այն դառնում էր ծուղակ, իսկ ամրոցը հսկող աչալուրջ պահակազորին ծառայում որպես դիտակետ։

Արգիշտի Ա-ի արձանագրությունը (2)

Հենց այստեղ` գլխավոր մուտքից ձախ, պարսպապատի մեջ գտնվում է Երևանի «անձնագիրը» համարվող սեպագիր արձանագրությունը, որը հայտնում է ուրարտական թագավոր Արգիշտի Ա-ի կողմից հիմնադրված Էրեբունի քաղաք-ամրոցի մասին։ Արձանագրության մեջ ասվում է.

«Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, այս անառիկ ամրոցը կառուցեց և անվանեց Էրեբունի` ի հզորություն Բիայնիլի (Ուրարտու) երկրի և ի սարսափ թշնամի երկրների։ Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ձեռնարկեցի այստեղ հզոր գործեր։ Խալդի աստծո զորությամբ Արգիշտին` Մենուայի որդին, թագավոր է հզոր, թագավորը Բիայնիլի երկրի, կառավարիչը Տուշպա քաղաքի»։

Ամրոցի գլխավոր մուտքը տանում է դեպի կենտրոնական հրապարակ (5), որն իրար է միացնում միջնաբերդի երեք հիմնական հատվածները։ Այս հրապարակում էին անցկացվում Արգիշտի Ա արքայի թիկնազորի և ամրոցի պահակազորի զինավարժություններն ու հանդիսավոր արարողությունները։

Սյունազարդ մեծ դահլիճը (6)

Կենտրոնական բակ նայող ուշագրավ կառույցներից է եղել բակի արևելյան մասում գտնվող 5 փայտե սյուներով երբեմնի հսկա դահլիճը, որը միջնաբերդի պարբերական վերակառուցումների հետևանքով, հավանաբար արդեն Աքե¬մենյանների ժամանակ, դարձել է կարասների սենյակ (15)։

Երբեմնի սյունազարդ դահլիճի գոյության մասին են վկայում հինգ սյուներից պահպանված չորս հսկա խարիսխները, որոնք ունեն մեկ տողանի նույնատիպ սեպագիր վիմագրեր` «Արգիշտին, Մենուայի որդին, այս տունը կառուցեց»։ Համաձայն հնագիտական նյութի` դահլիճն աչքի էր ընկնում նաև շքեղ որմնանկարներով` թագավորական որսի, երկրագործության և անասնապահության տեսարաններով, որոնք իրարից բաժանված էին բուսական և երկրաչափական նախշերով հարուստ հորիզոնական երիզներով։

 


Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի։
 

Share |