Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 9: Հատակագիծը

Հատակագիծը

Ինչպես ուրարտական քաղաքների մեծ մասը, Էրեբունին նույնպես տարածվել է բարձրադիր, անառիկ բլրի շուրջը, որի գագաթին վեր է խոյանում քաղաքի հզոր միջնաբերդը։ Էրեբունի միջնաբերդը պաշտպանվել է հզոր բերդա¬պարիսպ¬ներով, որոնք գլխավոր մուտքից աջ եղել են եռաշար։ Արին-բերդի բարձունքից երևում են Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթներ` Արարատը և Արագածը, բերրի Արարատյան դաշտավայրը, Թեյշեբաինին իր հարակից բնակատեղիներով և բլրի ստորոտին տարածվող Էրեբունի քաղաքը` դեպի միջնաբերդ տանող գլխավոր ճանապարհներով։ Ժամանակին 10-12 մ բարձրություն ունեցող պարիսպների ու դրանցից ներս ընկած միջնաբերդի մյուս հատվածների կառուցման համար կիրառված է բազալտ, տուֆ, փայտ և հում աղյուս։

Էրեբունի միջնաբերդն ունեցել է երեք հիմնական մասեր` պալատական (7, 8), պաշտամունքային (4, 4a, 4b), (9, 9a, 9b) և տնտեսական (12-15)։

Այստեղ էին տեղակայված Արգիշտի Ա-ի պալատը` միջնաբերդի ամենամեծ կառույցը, մի շարք մեծ դահլիճներով, երկու բակերով` շրջապատված տարբեր նշանակության սենյակներով և պալատական «Սուսի» տաճարով (9), ուրարտական գերագույն աստված Խալդիի մեծ տաճարը (4)` իր սյունազարդ բակով (4a) և դրան կից ամրոցի ամենաբարձր զիկկուրատ-աշտարակով (4b), տնտեսական մասը (12)` հացահատիկի հսկա շտեմարաններով (14) և գինու ընդարձակ մառաններով (15)։ Այս կառույցները եզրափակում էին միջնաբերդի կենտրոնական մասում ընկած հրապարակը (5)։

Պալատի և Խալդի աստծո տաճարի ներքին պատերն առանձնանում էին հարուստ հարդարանքով. բարձրարվեստ որմնանկարներում պատկերված էին թե՛ աշխարհիկ, թե՛ կրոնապաշտամունքային թեմաներով տեսարաններ։

Միջնաբերդի տարածքից հայտնաբերված հնագիտական նյութը, որի մի մասն են կազմում նաև բազալտե քարերին և սյուների խարիսխներին արված 23 սեպագիր արձանագրությունները, կարելի է տեսնել Արին-բերդի ստորոտին գտնվող «Էրեբունի» թանգարանում։ Այդ արձանագրություններից մի քանիսն այժմ էլ գտնվում են միջնաբերդում` իրենց նախնական տեղերում։ Դրանցից մեկը (7) հայտնում է.

«Խալդիի մեծությամբ Արգիշտին, Մենուայի որդին, այս
հոյակապ պալատը կառուցեց»։

Սա ևս մեկ անգամ ապացուցում է այն փաստը, որ Էրեբունին ոչ միայն խոշոր ռազմաստրատեգիական հենակետ էր երկրի հյուսիսում, այլ նաև թագավորանիստ։ Քաղաքի կառույցները, որոնք փռված էին բլրի շուրջը, ուսումնասիրված են մասնակի, հիմնականում հում աղյուսից լինելու պատճառով դրանք գրեթե չեն պահպանվել, բացի այդ, երբեմնի հսկա քաղաքատեղին այսօր կազմում է Նոր Արեշ և Վարդաշեն թաղա-մասերի անբաժանելի մասը։

Էրեբունու հնագիտական հետազոտությունները ցույց տվեցին, որ այստեղ կյանքը շարունակվել է նաև հետագա դարերում, ընդհուպ մինչև Հայաստանի Հանրապետության ժամանակակից մայրաքաղաք Երևանը։ Իսկ անվանումը ստուգաբանվում է Էրեբունի - Էրեվունի - Էրիվան - Երևան տառադարձությամբ։

 


Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի։


 

Share |