Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 10: Տաճարները

Տաճարները

Էրեբունու մանրամասն պեղումները ցույց տվեցին, որ միջնաբերդը բաղկացած է բավական բարդ կառուցվածք ունեցող, բայց իրարից խիստ տարբերակվող համալիրներից` տնտեսական, պալատական և տաճարային։

Խալդի աստծո տաճարը (4)։ Խալդի աստծո տաճարը կառուցվել է միջնաբերդի հրապարակի հարավարևմտյան մասում և իր ճարտարապետական կառուցվածքով հարազատ է հինարևելյան այն ավանդույթին, ըստ որի միայն երկրի գերագույն աստվածությանը նվիրված տաճարներում են զիկկուրատներ կառուցվել։ Այն բաղկացած է երկու սենյակներից, զիկկուրատ-աշտարակից (4b), որից պահպանվել են միայն հիմքի հզոր քարերը, և երկշարք դասավորված 12 սյուներով սրահից (4a), որի պատերի երկայնքով ձգվում էր աղյուսաշեն նստարանը, իսկ հարավային պատի մոտ տեղադրված էր եռաստիճան զոհասեղանը։ 1968 թ. պեղումների ժամանակ զիկկուրատի ճակատը մաքրելիս հայտնաբերվեց տաճարի կառուցման մասին հայտնող մի սեպագիր արձանագրություն։

Զիկկուրատ-աշտարակից դեպի հարավ` մինչև սյունասրահ ընկած է տաճարին պատկանող տնտեսական մասը` իր պահեստներով, հացահատիկի շտեմարաններով և գինու մառաններով։ Էրեբունու տաճարը մյուս շինությունների նման հարդարված է եղել ճոխ որմնանկարներով, բրոնզե գեղազարդ և սեպագիր մեծ վահաններով։

Բացված որմնանկարներից մեկում պատկերված է առյուծի վրա կանգնած մարդ-էակ, ամենայն հավանականությամբ` Խալդին։ Նրա աջ ձեռքը բաց ափով բարձրացված է վեր, իսկ ձախը երկարել է առաջ և բռնել ինչ-որ ծիսակարգի առարկա։ Մորուքավոր գլուխը պսակված է եղջյուրավոր թագով, խիստ համապատասխան ասսուրական թագավորների թագերին։ Պատկերի կեցվածքից և մյուս մանրամասներից երևում է, որ այն կատարված է Հին Արևելքի գեղանկարչության և քանդակագործության կանոնների համաձայն։

Ուրարտական պետության անկումից հետո (Ք.ա. 6-րդ դ.), երբ երկրին տիրեցին Աքեմենյանները, Էրեբունին դարձավ Աքեմենյան կայսրության սատրապություններից մեկի կենտրոնը, և շինարարական նոր աշխատանքներ ծավալվեցին։ Ք. ա. 8-րդ դ. Խալդի աստծո տաճարի 12 սյուներով նախամուտքը վերակազմավորվեց 30 սյունանոց դահլիճի։ Աքեմենյան ճարտարապետությունը հարուստ է նման սյունազարդ դահլիճներով (հին պարսկերենով` ապադանա), որոնց նախատիպերը կարելի է գտնել Ուրարտուում։

Դահլիճի մեջ պահպանված սյան հիմքերից երևում է, որ այն ունեցել է սյուների հինգ շարք` յուրաքանչյուրը վեցական սյուներով, որոնք կրել են հարթ ծածկը։ Վերակազմության հետևանքով փոխվեց նաև սյունասրահի սկզբնական կրոնական նշանակությունը։ Վերածվելով աշխարհիկ կառույցի` այն դառնում է պաշտոնական ընդունելությունների, հանդիսությունների, խորհրդակցությունների և ժողովների վայր, ինչն իր հերթին ընդգծում է Էրեբունու խոշոր նշանակությունը Աքեմենյան տիրության համար։ Այսօրինակ դահլիճներ հանդիպում են Աքեմենյանների հնագույն մայրաքաղաքում` Պասարգադում և Պերսեպոլիսում։

Աքեմենյան վերակառուցումների հետևանքով միջնաբերդի պալատական «Սուսի» տաճարը (9), որն ուղղանկյուն հատակագծով փոքր կառույց էր` նվիրված տեղական Իվարշա աստծուն, վերածվում է Կրակի տաճարի (9a), ինչի մասին են վկայում այստեղ հայտնաբերված մոխրի հաստ շերտը և մուտքի առջև կանգնեցված նոր մույթերը։ «Սուսի» տաճարի մասին լրացուցիչ տեղեկատվության համար տե'ս վահանակ 11։

Մշտական կրակի պահպանման մեկ այլ տաճար (9b) կառուցվում է կենտրոնական հրապարակի հյուսիսարևելյան մասում, որն ուներ աստիճանավոր որմնախորշերով և մերկ պատերով երեք սրահներ։

 

Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի։

 

Share |