Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 11: Պալատը և հարակից տարածքը

Պալատը և հարակից տարածքը

1956 թ. Էրեբունու պալատի պեղումների ժամանակ, հարավային մասում երջանիկ պատահականությամբ հնագետները բացեցին պալատի կենտրոնական մուտքը, որի ձախ պատի մեջ իր նախնական տեղում հայտնաբերվեց պալատի կառուցման մասին հայտնող սեպագիր արձանա¬գրություն (7). «Խալդի աստծո մեծությամբ, Արգիշտին, Մենուայի որդին, այս հոյակապ պալատը կառուցեց» տեքստով։

Էրեբունու պալատը բավական լավ է պահպանվել։ Պեղումներից բացված 3-5 մ բարձրություն ունեցող պատերը պարզ գծագրում են պալատի հատակագիծը` մեծ դահլիճներով, բնակելի սենյակներով, շտեմարան-մառաններով, բաց բակերով, միջանցքներով և տաճարով։ Հետագայում, դեռևս Արգիշտի Ա-ի օրոք, պալատի հարավարևելյան կողմում կառուցվում են նոր շինություններ։ Այդ են վկայում ներկայիս կարասների (15), երբեմնի պալատական մեծ դահլիճից (6) հայտնաբերված չորս հսկա խարիսխների վրայի արձանա¬գրությունները։

Պալատի շքամուտքից ներս գտնվում է կենտրոնական սյունազարդ բակը (8), որի շուրջը տեղակայված են պալատական «Սուսի» տաճարը (9), բնակելի և տնտեսական հատվածները (12), հավանական է նաև զորանոցները (13)։ Սյունազարդ բակին հյուսիսարևելյան կողմից հարող դահլիճը իր երեք նախասրահներով հավանաբար Արգիշտի Ա-ի նստավայրն է եղել (11), որն ի տարբերություն մյուս սենյակների ավելի հարուստ ներքին հարդարանք է ունեցել։ Բարձրարվեստ որմնանկարներում պատկերված էին համաչափ դասավորված գծանախշեր, արմավենիներ, աստի¬ճանավոր բրգավոր աշտարակներ, կենաց ծառեր և քրմեր, վարդյակներ, ներճկված կողմերով քառակուսիներ, առյուծներ և ցուլեր։ Որոշ հնագիտական գտածոներ վկայում են, որ դահլիճի պատերը զարդարվել են նաև գորգերով։

Պալատի բակը (5)։ Պալատի սյունազարդ բակը, որի տիպով է կառուցված նաև «Էրեբունի» թանգարանի ցուցադրության ներքին սրահը, նշանավոր է իր «Սուսի» տաճարով։

«Սուսի» տաճարը (9)։ Այստեղ` սյունազարդ բակի հարավ-արևմտյան կողմում, գտնվում է պալատական «Սուսի» տաճարը։ Սրբատաշ մուտքի ձախ և աջ շարվածքներում պահպանվել են երկու միանման արձանագրություններ հետևյալ բովանդակությամբ.

«Իվարշա աստծուն այս տաճարը Արգիշտին, Մենուայի որդին կառուցեց։
Արգիշտին ասում է` հողը ամայի էր, ոչինչ այնտեղ չկար կառուցված։
Արգիշտին թագավոր է հզոր, թագավոր` մեծ, թագավորը Բիայնիլի երկրների,
տերը` Տուշպա քաղաքի»։

Իվարշա աստծո անունը չի նշվում «Մհերի դուռ»/«Ագռավու քար» (սրբազան ժայռ ուրարտական Վանա բերդի մոտ, Թուրքիա) կոչվող հայտնի ուրարտական կրոնական բնույթի արձանագրությունում և հավանաբար տեղական բնույթի մի աստվածություն է` իր էությամբ համազոր Խալդիին։ Հետաքրքրական է այն, որ «Մհերի դուռը» հիշատակվում է նաև «Սասունցի Դավիթ» հայկական էպոսում։

Սպասասրահը (10)։ Պալատական բակի հյուսիսային մասում եղած սենյակներն ունեցել են տարբեր նշանակություն, սյունազարդ մեծ սենյակը, որտեղ պահպանվել են միայն սյուների խարիսխները, հավանաբար ծառայել է որպես սպասասրահ։ Սենյակի հարավային պատի տակ պահպանված էին աղյուսաշեն նստարանի հետքերը։

 


Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի։

 


 

Share |