Էրեբունու պեղումները

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունու պեղումները 12: Կացարաններն ու շտեմարանները, Շտեմարաններն (14) ու մառանները (15), Հնագույն գարեջուրը Ուրարտուում

Կացարաններն ու շտեմարանները

Սպասավորների սենյակները (12), որոնք հիմնականում պալատական մասում էին, նույնպես տեղակայված էին մեկ ընդհանուր բակի շուրջը։ Բնակելի սենյակներից բացի, բակին հարում էին նաև տնտեսական նշանակության այլ սենյակներ` խոհանոցներ, արհեստանոցներ և այլն։

Պահակագնդի և կայազորի կացարանները (13), ինչպեսև սպասավորներինը, կառուցված էին ներքին բակերի շուրջը։ Միջնաբերդում դրանք տեղակայված են հյուսիսարևելյան հատվածում` պարսպապատի երկայնքով։ Նման կառույցներից աչքի են ընկնում պալատի գլխավոր մուտքից ձախ ընկած հինգ միատիպ սենյակները, որոնք ուրարտական շրջանում պալատական պահակախմբի բնակարաններն էին։

Շտեմարաններն (14) ու մառանները (15)

Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների թողած շինարարական և տնտեսական բնույթի սեպագիր արձանագրություններից տեղեկանում ենք, որ Էրեբունի միջնաբերդը պարբերաբար վերանորոգվել ու համալրվել է նոր` ինչպես պալատական, այնպես էլ տնտեսական, կառույցներով` մթերանոցներ, հացահատիկի շտեմարաններ(14), գինու մառաններ(15)։

Ուրարտուն դարձել է հզոր պետություն` գլխավորապես լավ կազմակերպված տնտեսական համակարգի շնորհիվ. ինչպեսև Մերձավոր Արևելքի մյուս ստրկատիրական պետություններում, Ուրարտուում ևս ստեղծվել են մեծ քանակությամբ ամբարներ` սննդամթերք և խմիչք երկար ժամանակով պահպանելու համար։

Ուրարտական ամրոցների հարուստ շտեմարանների մասին արձանագրում է նաև ասսուրական թագավոր Սարգոն Բ-ն։ Ք.ա. 714 թ.` Ուրարտուի դեմ իր ձեռնարկած և հաղթանակած արշավանքների ժամանակ, ամենուր` իր զորքի կողմից ամայացված բնակատեղիներում և բերդշեններում, գտնում էր «լիքը ամբարներ», «անհամար քանակությամբ գարի», «գետի պես հոսող անուշաբույր գինի»։

Միջնաբերդի մառաններում գտնված կավածեփ, կոնաձև իրանով և դուրս ճկված շուրթով հսկա կարասները, զարդագոտուց և խորաքանդակ եռանկյունիներից բացի, ունեին նաև տարողությունը նշող փոսիկաձև մեհենագրեր և սեպագիր նշաններ։

Հեղուկի չափման միավոր` «ակարկին» հավասար է մոտ 240-250, իսկ «տերուսին»` 22-24 լիտրի։ Էրեբունու կարասների տարողությունը հասնում էր 750-1500 լ։ Հացահատիկի շտեմարանների տարողությունը չափվում էր «կապի»-ներով. այդ մասին են հայտնում մեծաքանակ տնտեսական բնույթի արձանագրությունները։

Հացահատիկից ու գինուց բացի մնացած սննդամթերքը նույնպես պահվում էր տարբեր չափսերի կավե անոթներում։

Հնագույն գարեջուրը Ուրարտուում

Ուշագրավ են Թեյշեբաինի ամրոցից հայտնաբերված երկարա¬վուն իրանով ոչ շատ մեծ անոթները` գարեջուր պահելու համար։ Հայկական լեռնաշխարհում գարեջրի գոյության մասին վկայում են նաև մի քանի պատմիչներ, որոնցից Ք.ա. 5-րդ դարի հույն զորավար և պատմագիր Քսենոփոնը իր «Անաբասիս» («Նահանջ բյուրաց») գրքում այսպես է նկարագրում Արմենիա երկրում ճաշակած գարեջուրը.

«Այստեղ կար նաև ցորեն և գարի և կրատերների մեջ գարուց պատրաստած գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ` մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդը պետք է այդ եղեգի ծայրը բերանին դներ և խմեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»։

 

 

Տեքստի խմբագրումը` «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի և Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) Հայաստանի ազգային կոմիտեի։

 

 

 

 

Share |