Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 1-ցուցափեղք 3

Հեծելազորին ու ռազմակառքերին վարժեցված ձիեր մատակարարելու համար պետականորեն խրախուսվել է ձիաբուծության զարգացումը, հատկապես Ուրմիա լճի արևելյան ափերին ընկած որոշ շրջաններում։ Անասնապահական և ձիաբուծական խոշոր կենտրոն էր Ուլդուրի-Էթիունին` ներկայիս Հայաստանի Սևանի ավազանը, որի բարձրադիր լեռնային հովիտներից իր արշավանքի ժամանակ ուրարտական թագավոր Սարդուրի Բ-ն քշել էր 214000 գլուխ մանր, 40353 խոշոր եղջերավոր անասուն և 3500 ձի։ Ուշագրավ է Վանում հայտնաբերված Մենուայի այն արձանագրությունը, որը հայտնում է թագավորի ձիասպորտային մրցության մասին, երբ նա իր Արծիբի (Արծիվ) անունով ձիով ցատկել է 22 կանգուն (մոտ 11,4 մ) երկարություն։

Ուրարտուում զարգացած էր նաև այգեգործությունը, բանջարաբուծությունը, հատկապես խաղողագործությունը։ Այդ են վկայում Կարմիր բլրից հայտնաբերված սալորի, խաղողի, նռան, խնձորի, ծիրանի, բալի, ընկույզի և ձմերուկի սերմերը, կորիզները և պտուղների ածխացած մնացորդները։ Խաղողագործությունը զարգացած է եղել հատկապես Վանի շրջանում, Արածանիի հովտում, Ուրմիա լճի և Տիգրիսի ավազաններում, Արարատյան դաշտում և այլուր։ Ուրարտուում մշակվող մեկ տասնյակից ավելի խաղողի տեսակներից մի քանիսը` Ոսկեհատ (Խարջի), Մսխալի (Արարատ), Հաչաբաշ, սև խաղողի այլ տեսակներ, առ այսօր մշակվում են Արարատյան դաշտում։ Հայկական լեռնաշխարհի բնիկներին վաղ ժամանակներից հայտնի խաղողագործության և գինեգործության ավանդույթների մինչ օրս պահպանումն ու կիրառությունը ենթադրում են, որ հայերը Վանի թագավորության բնակիչների էթնիկ, տնտեսական և մշակութային ժառանգորդներն են։

Խաղողագործությունը խթանեց գինեգործության զարգացումը։ Ուրարտացիները գինին պահում էին կիսագետնափոր հսկա կարասներում, որոնք ունեին տարողության չափը նշող հիերոգլիֆ և սեպաձև նշաններ։ Տնտեսական բնույթի սեպագիր արձանագրությունները տեղեկություններ են հաղորդում Ուրարտուում գործածվող չափման միավորների` ակառկիի (հավասար է 240 լ) և տերուսիի (հավասար է 1/10 կամ 1/9 ակառկիի) մասին։ Հայտնաբերված կարասների միջին տարողությունը հասնում է 750-1500լ։ Թեյշեբաինիից հայտնաբերված ութ գինու մառանների ընդհանուր տարողությունը կազմել է ավելի քան 400 000 լիտր։ Բացի գինուց, մեծ կարասներում պահել են նաև յուղ, ալյուր, հացահատիկ։

Ուրարտացիները ծանոթ էին նաև գարեջուր պատրաստելու արհեստին։ Այդ են վկայում 1958 թ. Կարմիր բլրի պեղումների ժամանակ հայտնաբերված գարեջրի պատրաստման արհեստանոցը, որտեղից գտնվել են տուֆե մեծ տաշտ` գարին կամ կորեկը թրջելու, խողովակներ` օգտագործված ջուրը ամրոցից դուրս բերելու և ավելի քան 40 երկարավուն անոթ` գարեջուր պահելու համար։ Հայկական լեռնաշխարհում գարեջրի գոյության մասին վկայում են մի շարք պատմիչներ, որոնցից Քսենոփոնը այսպես է նկարագրում Արմինա երկրում ըմպած գարեջուրը.
«Այստեղ կար նաև ցորեն և գարի և կրատերների մեջ գարուց պատրաստված գինի, որի երեսին լողում էին գարու հատիկներ. կրատերների մեջ կային նաև եղեգներ` մեծ ու փոքր, առանց ծնկի։ Ծարավելու դեպքում մարդ պետք է այդ եղեգի ծայրը բերանը դներ և խմեր։ Եվ այն շատ թունդ էր, եթե ջուր չխառնեին, իսկ սովոր մարդու համար շատ ախորժելի ըմպելիք էր»։


 

Share |