Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 2-ցուցափեղք 5,6

Ուրարտուում հողագործության ու անասնապահության զարգացումը պայմանավորված էր մետաղագործության զարգացմամբ։ Այդ են վկայում մի շարք հնավայրերից հայտնաբերված մետաղե բազմազան ու կատարելագործված գործիքները (գութանի խոփ, մանգաղ, եղան, կացին, մուրճ, դուր, ուրագ, սղոց)։ Ուրարտուում ավելի վաղ, քան այլ երկրներում, մշակում էին տեղական երկաթ, որով հարուստ էին հատկապես Վանի, Մուշի, Բիթլիսի շրջանները։ Ուրարտական մետաղագործական առարկաները արտահանվել են Հյուսիսային Կովկաս, Սիրիա, Միջագետք, Իրան և Առաջավոր Ասիայի արևմտյան մարզեր, մինչև Էգեյան ծով։

Երկաթից բացի ուրարտացիները մշակում էին բրոնզ, պղինձ, անագ, արծաթ ու ոսկի. այդ են փաստում հայտնաբերված զենք ու զրահները, կենցաղային իրերը, կերպարվեստի ու պերճանքի առարկաները, ինչպես նաև սեպագիր աղբյուրները։ Ըստ Սարգոն Բ-ի արձանագրությունների` ասորեստանցիները միայն Մուսասիրի տաճարից (մ.թ.ա. 714 թ.) կողոպտել են մետաղե 25122 վահան, 305412 սուր, 1514 նիզակ, 607 կաթսա, 108 տ ձուլածո բրոնզ, մոտ 10 տ արծաթ և 2 տ ոսկի, Ուրարտուի մի շարք արքաների, քրմապետների, աստվածների բրոնզե զանգվածեղ անդրիներ (միայն Արգիշտի Ա-ի անդրին կշռել է 2 տ), երևակայական էակների ու կենդանիների արձաններ, բազմաթիվ ոսկե, արծաթե ու բրոնզե վահաններ, սրեր, աղեղներ, կապարճներ, հեծելադրոշներ, անոթներ, զարդեր և այլն։

Ուրարտացի վարպետները (դարբիններ, զինագործներ, ոսկերիչներ) հմտորեն տիրապետել են ձուլման և կաղապարման տեխնիկային, ինչպես նաև մետաղե իրերը ոսկեզօծելու, փորագրմամբ, քանդակմամբ և դրոշմամբ գեղազարդելու, քարը մետաղի հետ զուգակցելու արվեստին։
 

Share |