Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան սրահ 3- ցուցափեղք 17

Ուրարտուի կիրառական և դեկորատիվ արվեստում առանձնահատուկ տեղ են զբաղեցնում ցուլերի և առյուծների բարձրաքանդակ պատկերներով արձանագիր հսկա բրոնզե վահանները, սաղավարտներն ու կապարճները, գոտիներն ու զրահները, կենաց ծառերի, զինվորների, մարտակառքերի, աստվածների, առասպելական կենդանիների, պատկերներով և քանդակներով զարդարված գահավորակի մանրամասները, որսի և զոհաբերության տեսարաններով ոսկրե, քարե կնիքներն ու շքատուփերը, օձագլուխ ապարանջանները։


Վանի կամ Ուրարտուի մշակույթում ուրույն տեղ էր զբաղեցնում որմնանկարչությունը, որը բնորոշ էր ուրարտական աշխարհիկ և կրոնական մոնումենտալ կառույցներին։ Էրեբունի միջնաբերդի պալատն ու տաճարները հարուստ էին շքեղ, բազմագույն ու բարձրարվեստ որմնանկարներով, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 2000 քմ։


Ուրարտական որմնանկարի հորինվածքը միապլան է` կազմված հաջորդական շարքերից, որոնք բաժանված են համաչափ հորիզոնական զարդագոտիներով։ Ներկեր պատրաստելու համար որմնանկարիչները կիրառում էին Միջագետքում հայտնի եղանակները։ Կային ինչպես բնական, այնպես էլ արհեստական ներկեր։ Որմնանկարներում գերակշռում էին սև, սպիտակ, կարմիր, կապույտ, դեղին գույները։ Հատկանշական է, որ գույների այս շարքը պահպանվել է նաև հայ միջնադարյան մանրանկարչության մեջ։

 

 

Share |