Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան -նախասրահ 1: ՈՒՐԱՐՏՈՒ` ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՐԱՐՏՈՒ` ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ


Հայկական լեռնաշխարհում առաջին միասնական պետությունը Ուրարտուն է, որը հայկական աղբյուրներում հիշատակվում է Արարտու երկիր կամ Արարատեան թագավորություն անուններով։ Կազմավորվելով Վանա լճի ավազանում մ.թ.ա. IX դարում` այն իր ծաղկմանն է հասել Մենուա Ա, նրա որդի Արգիշտի Ա և Սարդուրի Բ թագավորների օրոք, ովքեր երկրի սահմաններն ընդարձակել են դեպի հյուսիս, հարավ և արևելք։ Արգիշտին մ.թ.ա. VIII դարի սկզբին անցնում է Արաքս գետը և գրավում նաև Արարատյան դաշտավայրը։ Մ.թ.ա. 782 թ. տերության հյուսիսարևելյան շրջաններն ամրացնելու նպատակով նա հիմնում է Էրեբունին` որպես վարչատնտեսական և ռազմական կարևոր կենտրոն։


Պետության ծաղկման շրջանում ամրապնդելով երկրի սահմանները` Ուրարտուի թագավորները հարավում գրավեցին մի շարք ասսուրական նահանգներ` ձգտելով դուրս գալ Միջերկրական ծով և վերահսկել հիմնական առևտրական ուղիները։


Ռուսա I (մ.թ.ա. 735-713 թթ.) թագավորը կարողացավ միավորել երկիրը և միջոցներ ձեռնարկել երկրի պաշտպանության ուղղությամբ։ Ասորեստանը ուշադիր հետևում էր իր թուլացած, բայց դեռևս զորեղ հյուսիսային հարևանին։


Մ.թ.ա. 714 թ. ամռանը Սարգոն II-ը հարձակվում է Ռուսա I-ի զորքերի վրա և պարտության մատնում նրան, թալանում երկիրը` իր հետ տանելով 2 տոննա ոսկե, 10 տոննա արծաթե և մեծ քանակությամբ այլ իրեր, սակայն չի կարողանում իսպառ ոչնչացնել Ուրարտուն. այն դառնում է Հին Արևելքի երկրորդական պետություններից մեկը։


Արգիշտի II-ին (մ.թ.ա. 713-685 թթ.) վիճակված էր վարել ճկուն քաղաքականություն. մի կողմից նա դրդում էր հարևան երկրներին ապստամբել Ասորեստանի դեմ, մյուս կողմից` ձգտում էր բարիդրացիական հարաբերություններ հաստատել։


Արգիշտի II-ի ժառանգ Ռուսա II-ը (մ.թ.ա. 685-645 թթ.) հանդիսացավ Ուրարտուի վերականգնիչ` ծավալելով ամրոցների, ջրանցքների, քաղաքների հսկայական շինարարություն։ Ռուսա II-ից հետո Ուրարտուն սկսում է անկում ապրել։ Հավանաբար մ.թ.ա. VI դ. 1-ին կեսին վերջ է տրվում աշխարհի հնագույն պետություններից մեկի գոյությանը` մարերի և սկյութական քոչվոր ցեղերի հարձակումների ու ներքին խռովությունների պատճառով։

 

Share |