Էրեբունի թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


Էրեբունի թանգարան-նախասրահ 2: ԷՐԵԲՈՒՆԻ (ԱՐԻՆ ԲԵՐԴ)

ԷՐԵԲՈՒՆԻ (ԱՐԻՆ ԲԵՐԴ)


Էրեբունի ամրոցը գտնվում է Արին բերդ բլրի վրա, իսկ քաղաքը տարածվել է բլրի ստորոտին և շրջակայքում։


Քաղաքատեղիի համակարգված պեղումները սկսվել են 1950 թ.-ից` ճարտարապետ Կ.Հովհաննիսյանի ղեկավարությամբ։ Նույն թվականին է գտնվել Էրեբունու շինարարական սեպագիր արձանագրությունը։


Ամրոցը կառուցված է երկու կողմից անառիկ բնական ժայռի վրա, իսկ մուտքի կողմից շրջափակված է որմնահեցերով ամրացված եռաշար պարիսպներով։


Կառույցների հիմքերը բազալտից և տուֆից են, իսկ պատերը` հում աղյուսից։


Էրեբունին ամփոփ ճարտարապետական համալիր է` բաղկացած պալատական, կրոնական և տնտեսական կառույցներից։ Բլրի հյուսիս-արևմուտքում ամրոցի պալատական շենքն է` դահլիճով, արքունի տաճարով (Susi) ու բաց, սյունազարդ բակով, որոնք կազմում են միջնաբերդի կենտրոնական մասը։ Դահլիճի պատերը զարդարված են սրբազան ծառերի, աստվածների , ինչպես նաև կենդանական և բուսական որմնանկարներով։


Համալիրի կարևոր կառույցներից է ուրարտական դիցարանի գերագույն աստված Խալդիի տաճարը` սյունազարդ սրահով` տեղակայված բլրի հարավ-արևմտյան մասում։ Տաճարի պատերը ևս զարդարված են որմնանկարներով։ Պալատական մեծ դահլիճը գտնվում է հրապարակից աջ, այն հետագա վերակառուցման ժամանակ վերածվել է տնտեսական կառույցի` կարասների սրահի, որտեղ մինչև այժմ պահպանված են կարասների հատակները։ Կարասների սենյակին կից բնակելի և տնտեսական նշանակության կառույցներ են։


Վերջին տարիներին «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ հայ-ֆրանս-ամերիկյան համատեղ հնագիտական արշավա¬խմբերը վերսկսել են միջնաբերդի պեղումները։


Վստահորեն կարելի է ասել, որ հուշարձանը դեռևս թաքցնում է շատ գաղտնիքներ, որոնց բացահայտումը և ուսումնասիրությունը մեծապես կլրացնեն և կնպաստեն Մերձավոր Արևելքի պատմության ամբողջացմանը։

 

Share |