Գառնի

Վերադառնալ գլխավոր էջ


Գառնի 2: Համալիրը

Համալիրը

Գառնիի ամրոցը Հայաստանի վաղ շրջանի նշանավոր հուշարձաններից է՝ կառուցված Հայաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում։ Ազատ գետի կիրճում եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա կառուցված համալիրը երկու կողմերից պաշտպանված է 100 մ բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մ երկարությամբ պարսպապատով։

Ամրոցի հիմնադրման ստույգ տարեթիվը հայտնի չէ. հնագիտական պեղումների ժամանակ բացվել է վաղ բրոնզեդարյան բնակատեղին` կացարաններով և բազմաթիվ գտածոներով։ Ուրարտական շրջանում (Ք.ա. 8-6-րդ դդ.) ամրոցի պարսպապատերն ամրացվել են և կանգնեցվել է տաճարի` 1-ին դ. կառույցի նախատիպը։

Ամրոցի այժմյան կառույցը ստեղծվել է Ք.ա. 3-2 դդ., երբ Ալեքսանդր Մակեդոնացու արևելյան նվաճումներին զուգընթաց հելլենիստական մշակույթը թափանցել էր նաև Հայաստան։ Արտաքին պատերից մի քանիսը և որոշ հիմքեր վերաբերում են հենց այս ժամանակշրջանին, բայց ամենահայտնի կառույցները` Միհրի տաճարն ու արքունի բաղնիքը, կառուցվել են 500 տարի անց` Արշակունյաց Տրդատ Ա թագավորի գահակալման շրջանում։

Սա մի ժամանակաշրջան էր, երբ հռոմեացիները Մերձավոր Արևելքի համար երկարատև պայքար էին մղում պարթևների հետ, իսկ Հայաստանը դարձել էր մարտադաշտ հակամարտող կողմերի համար։ Ուժերից յուրաքանչյուրը աջակցում կամ տապալում էր ախոյանին` մինչև 54 թ., երբ Տրդատ Ա-ն տապալեց Հռոմի թեկնածուին։ Ի պատասխան` 57 թ. Հռոմը ներխուժեց Հայաստան, իսկ 58 թ. հիմնահատակ ավերեց մայրաքաղաք Արտաշատը։ 62 թ. հռոմեացիներն արդեն գրեթե գրավել էին Հայաստանը, երբ Տրդատ թագավորի բանակը շրջապատեց նրանց զորքերն ու ջախջախեց Խարպուտի /Խարբերդ/ մոտ։ Պարթևների ճնշման տակ Տրդատը հռոմեացիների հետ հաշտություն կնքեց. իր թագը հանձնեց Ներոնին` հուսալով հետ ստանալ Հռոմում։ Հռոմում Ներոնից հետ ստանալով իր թագը` Տրդատը, ծնկի իջնելով նրա առջև, ասել է`

«Տեր… Ես եկել եմ մոտդ, իմ աստված, երկրպագելու քեզ, ինչպես Միհրին. Այն բախտը, որ ինձ համար ես ընտրել, թող իմը լինի, քանզի դու ես իմ բախտն ու իմ ճակատագիրը» (Dio, LXII; VIII հատոր)

Պլինիոս Ավագը պատմում է, որ հայոց թագավորը Ներոնին մոգական ծեսերի է ծանոթացրել, և ահա այդ ժամանակ է, որ Միհրի պաշտամունքը մուտք է գործել Հռոմի դիցարան։ Հայաստանի ավերված մայրաքաղաքի վերականգնման նպատակով Ներոնը Տրդատին տալիս է երկու միլիոն դինար և հռոմեացի ճարտարագետներ։ Ի պատիվ Ներոնի` վերականգնված մայրաքաղաքը Տրդատը Ներոնիա անվանեց։ Այդ նույն ժամանակաշրջանում, մոտավորապես 66 թ., Տրդատը պատվիրում է Գառնիում կառուցել Միհրի տաճարը, որն այնուհետ 72 թ. վերակառուցվում է և ընդլայնվում։ Տրդատը նաև իր քրոջ` Խոսրովադուխտ թագուհու համար պալատ է կառուցում, որի մասին վկայում է պահպանված հին հունարեն արձանագրությունը. արձանագրության մեջ Տրդատն ինքն իրեն կոչում է «արև» («Հելիոս») և «Մեծ Հայքի գերագույն տիրակալ»։

Համալիրը բաղկացած է պարսպապատերից, արքայի կայազորի և սպասավորների համար նախատեսված շինություններից, Միհրի տաճարից (1-ին դ.) և արքունի բաղնիքից (3-րդ դ.)։

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից
 

Share |