Գառնի

Վերադառնալ գլխավոր էջ


Գառնի 3: Գառնիի ամրոցը, Պատերի կառուցումը

Գառնիի ամրոցը

Ամրոցի մուտքը պաշտպանված է քարե պարսպով` կատարված կիկլոպյան շարվածքով (պատերի հաստությունը` 2 մ)։ 12-14 մ բարձրությամբ պարսպի պատերից այսօր պահպանվել է 2-4 մ բարձրությամբ հատվածը։ Շինանյութը սրբատաշ որձաքարն է` չոր, առանց շաղախի։ Շարվածքի մեծակտոր քարերը իրար ամրացված են երկաթյա գամերով։ Հատկապես Հռոմեական դարաշրջանում կատարելության հասած շինարվեստը հաճախ հիմք է տվել ենթադրելու, որ Գառնիի պարիսպը կառուցվել է հենց այդ շրջանում։

Մինչդեռ այս տեխնիկան լայնորեն տարածված էր նաև Մերձավոր Արևելքում, և պարսպի հիմքի առաջին քարերը դրվել են Ք.ա. 3-րդ հազարամյակում։ Պարսպի մեծ մասն ավերվել է 7-րդ դարում, երբ Հայաստանը ենթարկվեց արաբական արշավանքների։ 10-րդ դարում, սակայն, այն վերականգնվել է, ինչի մասին վկայում են մուտքի քարերին պահպանված միջնադարյան արձանագրությունների հետքերը։

Պատերի կառուցումը

Կառուցողական արվեստը կատարելագործվել է դեռ բրոնզի դարում, երբ բնակավայրերի, քաղաքների ու ամրոցների շուրջը կառուցում էին կիկլոպյան շարվածքով պարսպապատեր։ Հսկա պատերը կառուցվում էին ահռելի մեծության քարերից։ Դրանք կոչվել են կիկլոպյան, որովհետև հնագետների ենթադրությամբ միայն առասպելական Կիկլոպները կարող էին տեղաշարժել չափազանց ծանր այս քարերը։ Հելլենիստական դարաշրջանում անհրաժեշտությունը վերածվեց արվեստի և պարսպապատերը սկսեցին դիտարկվել որպես բնապատկերի հարդարանքի տարր։ Դրա անհերքելի ապացույցը Ք. ա. 2-րդ դարում Արտաշատի պարիսպներն են ` հարդարված սպիտակ գույնով։

Գառնիի պարսպի քարերը պահպանել են իրենց բնական տեսքը՝ հռոմեացիներից փոխառնելով առանց կրաշաղախի, երկաթե կապաններով քարերը շարելու տեխնիկան։ Պարիսպն ամրացնելու նպատակով քարերը շարվում էին մեկընդմեջ երկար ու կարճ կողմերով։ Արդյունքում դրանք և գեղեցիկ էին, և ամուր. ենթարկվելով շարունակական ներխուժումների` Գառնիի պարիսպները պատմության քննությանը դիմացան շուրջ 500 տարի։ Ներկայումս պարիսպը վերականգնված է և ընդարձակվել է լայն դարպասով։


Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 


 

Share |