Գառնի

Վերադառնալ գլխավոր էջ


Գառնի 5: Հիմնադրման վիմագիրը

Հիմնադրման վիմագիրը

Ձեր առջև Գառնիի հիմնադրման վիմագիրն է` վերնամասում մեծ խաչքարով և հին հունարեն արձանագրությամբ։ Վերջինը վկայում է, որ հեթանոսական տաճարն ու պալատական շենքերը կառուցվել են 1-ին դ։ Արձանագրության մեջ մասնավորապես ասված է.

«Հելիո~ս։ Տրդատ Մեծը` Մեծ Հայքի թագավորը, երբ տիրակալը կառուցեց ագարակը (պալատը,) թագուհու համար և այս անառիկ ամրոցը իր թագավորության 11-րդ տարում, լինելով մեծ սպարապետի նվիրյալը՝ Մենեուսը Տիրոջ թույլտվությամբ, ի նշան երախտագիտության, վկայի` Մաթևոսի ներկայությամբ [գնել է]… »։

Արձանագրությունը վերաբերում է Տրդատ Ա-ի թագավորության 11-րդ տարվան, ինչը հաստատվում է նաև գրավոր այլ աղբյուրներով. այդ մասին են փաստում նաև հույն-հռոմեացի պատմիչներ Դիոն Կասսիոսն ու Տակիտոսը` իրենց աշխատություններում պատմելով Տրդատ Ա-ի՝ Հռոմ կատարած այցի մասին, ուր նա 65 թ. հանդիսավոր պայմաններում Հռոմի կայսր Ներոնի կողմից ստացել է Հայաստանի թագը. հայոց թագավորը կայսեր կողմից շռայլորեն պարգևատրվել է` ի հատուցումն Կորբուլոնի կողմից Հայաստանի մայրաքաղաք Արտաշատի ավերման և 59-60 թթ. հռոմեական լեգեոնների կողմից դեպի Հայաստան ավերիչ արշավանքներ վարելու։

Ուշագրավ է, որ Հելիոս հունարենից թարգմանաբար նշանակում է արև, նույն կերպ է թարգմանվոոմ նաև Միհր անունը. Միհրի կուռքը կանգնեցված էր Գառնիի տաճարի աղոթասրահում։

Արձանագրությունն արված է մեծ քարաբեկորի ոչ թե դիմահայաց, այլ կողային մակերեսին։ Ավելի ուշ` քարի վերնամասում խաչքար է փորագրվել։ Մինչև պեղումների ընթացքում խաչքարի հայտնաբերումը, արձանագրության մասին որևէ հիշատակում չի եղել և դրա գոյությունն անհայտ է եղել գիտական հանրությանը։ Արձանագրության նշանակությունը հատկապես կարևորվում է տաճարի թվագրման տեսանկյունից. այն փաստում է, որ տաճարը կառուցվել է 1-ին դ., և պարզաբանում Տրդատ Ա-ին Տրդատ Բ-ի հետ շփոթելու պատմաբանների բանավեճը։

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից


 

Share |