Գառնի

Վերադառնալ գլխավոր էջ


Գառնի 6: Միհրի տաճարը

 Միհրի տաճարը

Տաճարը գտնվում է հրվանդանի հարավային եզրին և հելլենիստական ճարտարապետության ամբողջական պահպանված միակ օրինակն է Հայաստանում։ Ավերվել է 1679 թ. երկրաշարժից պարսպապատերի հետ միաժամանակ։ Վերակառուցումը սկսվել է 1949 թ.։

Տաճարը նվիրված է եղել Միհրի` Մերձավոր Արևելքում, իսկ նախաքրիստոնեական ուշ շրջանում՝ նաև Հռոմեական կայսրության գլխավոր աստծո պաշտամունքին. Միհրը հունարեն Հելիոս բառի համարժեքն է, որ նշանակում է արև կամ արևի աստված, և նույնանում է վաղ վեդայական Միտրե կամ պարսկական Միհր/Մեհրե աստվածների անվան հետ։

Որոշ աղբյուրներում այն հենց Հելիոսի տաճար է անվանվում։ Ենթադրվում է, որ այս աստվածությունը սկիզբ է առել Հնդկաստանում, այնուհետև բրոնզի և երկաթի դարերում թափանցել Պարսկաստան և Հայաստան` արդեն զրադաշտական տարբերակով։ Ք.ա. 3-2-րդ դ. Ալեքսանդր Մակեդոնացու զորքերը Միհրի պաշտամունքը տեղափոխեցին Հունաստան, ուր դրա մանիքեական տարբերակը միախառնվեց հունականի հետ։ 1-ին դ. հունական լեգեոնները Հայաստանում և Պարսկաստանում հանդիպեցին Հելիոս աստծո երկրպագության առավել վաղ տարբերակին և տարան այն Հռոմեական կայսրություն, ուր և Միհրի պաշտամունքը կրկին կյանքի կոչվեց։

Գառնիի տաճարը կառուցվել է ուրարտական տաճարի տեղում։ Ինչպես և Էրեբունու Սուսի տաճարը, այն կրկնում է վերջինի հատակագծային չափսերը (5.05 x 7.98 մետր)։ Կառուցված է հյուսիս-հարավ` ի հակադրություն տաճարները արևելք-արևմուտք ուղղվածությամբ կառուցելու Հայաստանում ընդունված ձևին, ինչն այնուհետև քրիստոնեական ճարտարապետության մեջ լայնորեն կիրառվեց` խորանը միշտ արևելյան կողմում տեղադրելով։

Տաճարի հորինվածքը հունահռոմեական ոճի իոնական պերիպտերոս է` նախնական կառույցը վեր է խոյացել 3 մ բարձրություն ունեցող որմնախարսխի վրա։ Հյուսիսային կողմում կազմակերպված լայն (8 մ) աստիճանաշարը (9 աստիճան) տանում է դեպի ներս, ուր սրբարանն է։ Աղոթասրահի մուտքին պահպանված արաբերեն արձանագրությունը տեղեկացնում է Գառնիի ամրոցի գրավման և տաճարը մզկիթի վերածելու մասին։ Ողջ պարագծով մեկ տաճարը պարփակված է վերնամասում հոյակերտ խոյակներով ավարտվող սյունաշարով` կազմված 24 սյուներից (ճակատներում` 6-ական, կողերում` 8-ական)։ Կատարմամբ եզակի է սյունաշարի վրա հենվող հորիզոնական գոտին` անտաբլեմենտը, որի քովթարն (արխիտրավ) ու ծոփորը (Ֆրիզ) կախված են խոյակների վրա։ Ուշագրավ է, որ կենդանական և բուսական պատկերների (առյուծ, տերև) հյուսածո զարդերով քանդակված ծոփորը կերտված է միակտոր քարից։

Զարդաքանդակներում ականթի տերևների հետ պատկերված են ծաղիկներ, վարդյակներ, խաղող, նուռ և Հայաստանին ու տարածաշրջանին բնորոշ այլ բույսեր։ Թաղակապ ծածկն ունի բարդ հարդարանք, ինչը զանազանվում է Հռոմեական կայսրության արևմտյան շրջաններում հիմնական հանդիպող ոճից։ ճարտարապետական հորինվածքից անբաժան Միհրի տաճարի գեղարվեստական հարդարանքը իրավամբ թույլ է տալիս դասել տաճարը հունահռոմեական ոճի լավագույն օրինակների շարքին. ինչպիսիք են Նիմայի տաճարը, Միներվա Մեդիկան Հռոմում, Ապոլլոնի տաճարը Սագալասում, Միհրի տաճարը Կրեմնայում և Ասկլեպիոսը Պերգամոսում։

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 

Share |