Գառնի

Վերադառնալ գլխավոր էջ


Garni 7: Սրբազան երկրաչափությունն ու Գառնիի տաճարը

Սրբազան երկրաչափությունն ու Գառնիի տաճարը

Հին հայերն իրենց կյանքը կառուցում էին բնության օրենքներին համապատասխան` մանրակրկիտ ուսումնասիրելով իրենց կյանքը կառավարող սեզոնային մակընթացություններն ու տեղատվությունները։ Գարնանային հեղեղումն ու ամառային անձրևը կանխատեսելը շատ ավելին էր` քան մոգություն. այն կենսական նշանակություն ուներ մշակույթի գոյատևման համար։ Կրոնը տարերքների վերահսկումը հավասարազոր էր համարում աստվածների վերահսկմանը. հաճոյանալ աստվածներին և այս կերպ զսպել մարդկանց դեմ ուղղված նրանց ցասումը, որը կարող էր արտահայտվել ջրհեղեղների, երաշտի կամ ժանտախտի ձևով։

Հին Հունաստանում պյութագորասցիների կողմից կատարելության հասցված սրբազան երկրաչափությունը լայնորեն կիրառվում էր Մերձավոր Արևելքում և Հին Հռոմում։ Գառնիի տաճարն այս համոզմունքի կատարելագործված արտահայտությունն է` կառուցման ընթացքում չափումների և երկրաչափական պատկերների կիրառման շնորհիվ։

Սրբազան երկրաչափություն

«Երկրաչափություն» գրեթե բառացիորեն նշանակում էր կապ աստվածների հետ։ Երկրաչափությունը նաև ձեռքով իրեր պատրաստելու հիմնական գործիքն էր։ Ինչ-որ առարկա ստեղծելիս, գուցե ենթագիտակցորեն, առաջնորդվում ենք երկրաչափության օրենքներով, որի հիմքում ընկած է էլ ավելի հին հմտություն, այն է` չափելու, կամ հաշվելու կարողությունը։ Հին աշխարհում այս գիտելիքը համարվում էր մոգություն և, որպես այդպիսին, համարվում կրոնի սպասավորների մենաշնորհը։Սրբազան երկրաչափության մեջ թվերը զուգորդվում են երկրաչափական մարմինների հետ` կազմելով ներդաշնակ ամբողջություն։ Գաղափարը մարդկությանը տիեզերական ամբողջության հետ վերամիավորելու մեջ էր։

Սրբազան թվերը հատուկ խորհրդանշական նշանակություն ունեին. մեկը խորհրդանշում էր տիեզերքը, երկուսը ներկայացնում էր բաժանում, չորսը` տարվա չորս եղանակները, յոթը զուգորդվում էր երկնային էակների և հոգևոր ուժերի հետ, ութը խորհրդանշում էր նոր կյանք։

Սրբազան թվերից էին երեքը, որը խորհրդանշում էր սուրբ երրորդություն (Հին Հռոմում` Յուպիտերը, Յունոնան ու Միներվան, իսկ Հայաստանում` Արամազդը, Անահիտն ու Վահագնը), վեցը` կատարելություն, ինը (3x3) ամենասուրբ թիվն էր։ Տաճարի նախագծի հիմքում ընկած են այս թվերը կամ նրանց համադրությունները։

Նրանց կարևորությունը խարսխվում է միստիկական հավատի մեջ. եթե չափումներ կատարելիս օգտագործեիր այս թվերը կամ դրանց հետևեիր որոշակի օրերին և տարբեր կապակցություններում, ապա կնշանակեր` հաճոյանալ աստվածներին`դառնալով նրանց մետաֆիզիկական ընտանիքի անդամ։

Գառնիի տաճարը տիեզերքի կառուցվածքի վերարտադրումն է` սանդուղքի 9 աստիճանները տանում են դեպի բարձր պատվանդանը (դրախտը) և դեպի գլխավոր մուտքը (ինը 3 անգամ 3-ն է կամ 3 անգամ Սուրբ երրորդություն)։ Տաճարի սյուների տրամագծի հարաբերակցությունը միջսյունային տարածության հետ հավասար է 1։3 (1-ը տիեզերքի առաջնային թիվն է, իսկ 3-ը խորհրդանշում է Սուրբ երրորդությունը)։ 24 սյունը խորհրդանշում են ամպերը կամ գոլորշիներ (եթե 2+4, կստացվի 6` կատարյալ թիվը, 24 = 8 x 3, կամ ըստ սրբազան երկրաչափության` կյանք բազմապատկած Սուրբ երրորդություն. Աստծու պարգևած կյանքը), իսկ առաստաղը` երկնային կամար։

Սյուների դասավորությունը. 6-ական սյուն երկու ճակատներում (6-ը համարվում էր կատարյալ թիվ) և 8-ական կողային սյուներ (8-ն 1-ին թիվն է 7-ից հետո և խորհրդանշում է կյանքը)։

Պատկեր 1 Այստեղ տաճարի ճակատը պատկերված է երկրաչափական մարմիններով։ Շրջանը կարելի է տանել` սկսած առաջին աստիճանից բարձրացնելով մինչև քիվի վերին եզրը։ Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է շրջանը հատվածների բաժանվում երևակայական գծերով, որոնք անցնում են շենքի հիմնակետերով։ Երկու կատարյալ հավասարակողմ եռանկյունիները ձեր ուշադրությունն ուղղում են դեպի հաջորդ երեք հավասարակողմ եռանկյունիները, որոնք իրենց հերթին տանում են դեպի մի այլ խումբ եռանկյունիների. 6 եռանկյունի 3 կողմով (6x3 կամ 18 կամ, 1+8 = 9)։ Երեք եռանկյունուց բաղկացած յուրաքանչյուր խումբ միասին ունի 9 կողմ, այսինքն` 9 = 3 x 3 (կրկնակի սրբազան թիվը)։

Պատկեր 2-ում աղոթասրահը պատկերված է երևակայական գծերով` կազմելով կատարյալ շրջան (1 = միավորող ամբողջություն), ներսում գծված 6 շրջանների հետ (3+3` կատարյալ թիվ)։ Ստորին 4 շրջանները այնտեղ են, որտեղ արձանն ու սուրբ կրակն էին տեղադրված։ Ստորին շրջաններով տարված գծերը ստեղծում են 3-ական կատարյալ եռանկյունիների 3 խումբ ` ամրապնդելով տաճարի արտաքին հորինվածքը. թիվ 9-ը։ Եռանկյունիները հատվում են այնտեղ, որտեղ կուռքն էր տեղադրված` կենտրոնանալով նրա դեմքի վրա։ 8 և 5 թվերը հաճախ կրկնվում են գծերի չափսերում։ 8-ը կյանքի խորհրդանիշն էր, հարության օրը, աստծո հանգստյան օրը, և խորհրդանշում է երկրի պատմության սկիզբը։

Որոշ մշակույթներում 5-ը ավետում է անհաջողություն, բայց հույների ու հին հայերի համար այն նաև խորհրդանշում էր հնգանիստը և արարման խորհրդանիշն էր (ձեռքի հինգ մատերը)։ Ուշադրություն դարձրեք, որ աղոթասրահի ներսում հորիզոնական գծերի երկարությունը միշտ հավասար է 5-ի, իսկ ուղղահայացների երկարությունը 8 է։


Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից
 

Share |