Գառնի

Վերադառնալ գլխավոր էջ


Գառնի 8: Սուրբ Սիոն եկեղեցին, «Մաշտոց Հայրապետ» եկեղեցին

Սուրբ Սիոն եկեղեցին

Տաճարին կից պահպանվել են Սուրբ Սիոն եկեղեցու ավերակները։ Կառուցվել է 659 թ. (պատվիրատու` Ներսես Գ Շինող կաթողիկոս)։ Եկեղեցու ավերակները բացվել են 1907-1911 թթ. մասնակի պեղումների ընթացքում, իսկ 1949 թ. իրականացված պեղումներից հետո հուշարձանի պահպանված հիմնապատերը բացվել են ամբողջապես և մաքրվել հողից։

Սուրբ Սիոնը խաչաձև կենտրոնագմբեթ բոլորաձև կառույց է, համարվում է Զվարթնոցի տաճարի փոքրացված օրինակը։ Չորս միանման խորանները կազմում են հավասարաթև խաչ, որի թևերի միջև տեղավորված են քառանկյուն հատակագծով մեկական ավանդատներ ։

Կառույցն արտաքուստ շեշտված է պայտաձև ելուստներով, ինչը խաչաձև հատակագծի շնորհիվ թույլ է տալիս կառույցն իրական չափերից առավել ընդարձակ ընկալել։

Կենտրոնական սրահը կազմում է գմբեթատակ քառակուսին։ Մուտքերը երկուսն են` հարավից և արևմուտքից։ Եկեղեցու կառույցն արտաքինից ներառնված է 24 մ տրամագծով 24 կողանի եռաստիճան կորագիծ գետնախարիսխներ ունեցող բազմանիստ ծավալի մեջ։ Սկզբնական կառույցից ներկայումս պահպանվել են հիմնապատերը (2-3 շար) և ստորին երկու աստիճանների մնացորդները։ Շինանյութը` սրբատաշ տուֆն է, կրաշաղախով։

«Մաշտոց Հայրապետ» եկեղեցին

Սուրբ Սիոն եկեղեցուն հյուսիսից կից է12-րդ դ. կառուցված կենտրոնագմբեթ փոքր եկեղեցին, որն ավանդության համաձայն «Մաշտոց Հայրապետ» է անվանվում։ Կառուցված է Ամենայն Հայոց Կաթողիկոս Մաշտոց Ա Եղիվարդեցու գերեզմանի վրա. 876 թ., արաբական հարձակումներից պաշտպանվելու նպատակով Մայր Աթոռն ու գանձերը Էջմիածնից տեղափոխվում են Գառնի, ուր և վախճանվել և թաղվել է կաթողիկոսը։ Եկեղեցու ավերակներից հյուսիս պահպանվել է կաթողիկոսի տապանաքարը։

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 

 

Share |