Գառնի

Վերադառնալ գլխավոր էջ


Գառնի 9: Պալատական շենքը / Ամառային պալատը, Արգիշտի Ա թագավորի սեպագիր արձանագրությունը

Պալատական շենքը / Ամառային պալատը

Եկեղեցու հարևանությամբ գտնվում են պալատական շենքի ավերակները։ Մոտ 15 x 40 մ հատակագծային չափերով երկհարկանի շենքը կառուցվել է հրվանդանի գրեթե եզրին։ Հայկական գրավոր աղբյուրներում այն անվանվում է «զովության տուն». պալատի կողային ճակատների երկայնքով ձգվող սյունասրահները տեղադրված են եղել այնպես, որ Գառնիի կիրճից փչող զով զեփյուռը ազատ խաղա սրահներում։ Պալատում գործում էր այսպես կոչված «բնական օդափոխման» համակարգը. բաց սյունասրահներում կախված թաց վարագույրները դեպի վեր փչող քամու օգնությամբ հովացնում էին ներսի սենյակները։ Կիրառվել է նաև օդափոխման մեկ այլ` ավելի վաղ տարբերակ. օդը սենյակներ է մղվել լեռներից բերված սառցաբեկորների վրայով` ապահովելով անհրաժեշտ զովություն։

Պալատը բաղկացած է եղել մասնաշենքից և հյուսիս-արևելյան կից կառույցներից։ Ողջ համալիրից այսօր պահպանվել են միայն տնտեսական նշանակություն ունեցող նկուղային հարկերը, այդ թվում` գինու մառանը։ Ենթադրվում է, որ պալատի գլխավոր դահլիճի հյուսիսային թևում կազմակերպված են եղել բնակելի կացարանները։ Ութ մույթեր նկուղի ներքին տարածությունը բաժանում են երկու նավի։ Ծածկը թաղակապ է` կազմված պատերի քառանկյուն հարթ որմնամույթերին և ներքին տարածությունը նավերի բաժանող մույթերին հենված կամարներից։ Շինանյութը, ինչպես և բաղնիքի շենքի դեպքում, ճեղքված որձաքարն է` ամրացված կրաշաղախով։

Շենքի տանիքը եղել է փայտածածկ` հենված քարե հիմքի վրա կազմակերպված փայտե հեծաններին։ Հավանաբար, եղել են նաև փայտե խոյակներ, թեև ոչ մի նմուշ չի պահպանվել։ Սրանով Գառնիի պալատը նման է տարածաշրջանի նմանատիպ հուշարձաններին` հատկապես Բաբինետի սյունազարդ դահլիճին (Մցխեթա, Վրաստան)։

Գտնված ավերակները վկայում են, որ պալատի գլխավոր ճակատը կողմնորոշված է եղել դեպի գլխավոր հրապարակ։ Նկուղի սենյակներից մեկի պատերին պահպանված մուգ կարմիր որմնանկարի հետքերը թույլ են տալիս ենթադրել, որ վերնահարկի սենյակներն ու արքայական ընդունելության սրահները ևս ունեցել են հարուստ հարդարանք ու ձևավորում։

Արգիշտի Ա թագավորի սեպագիր արձանագրությունը

Ձեր առջև է 1954 թ. պեղումների ժամանակ հայտնաբերված քարաբեկորը, որն այս հնավայրի ամենակարևոր գտածոն է։ Այն Արգիշտի Ա ուրարտական թագավորին վերագրվող Ք. ա. 8 դ. սեպագիր արձանագրությունն է, որը տեղեկացնում է Գառնիի տարածքը գրավելու ու բնակչությանը գերեվարելու մասին։ Արձանագրության մեջ ասվում է.

«Խալդի աստծո զորությամբ նվաճեցի Գիառնիանի երկիրը, Սիլունիի տիրակալի երկիրը։ Երբ թշնամու լեռներից ես վերադարձա, տղամարդ ու կին ես քշեցի…»

Արգիշտի Ա-ն (Ք.ա. 785-763 թթ.) Ուրարտական թագավորության 6-րդ թագավորն էր։ Lինելով Մենուայի որդին և ժառանգորդը` նա շարունակել է նախորդների նվաճողական քաղաքականությունը։ Ասորեստանը նվաճելուց հետո, այնուհետև գրավելով Սիրիան, Արգիշտին Ուրարտուն դարձնում է Մերձավոր Արևելքի հետ-խեթական ամենահզոր պետությունը. թագավորության սահմանները ընդլայնվում են մինչև Սևանա լիճ` ներառյալ Արարատյան դաշտավայրը և Դիաուեխիի (Տայք) մեծ մասը։ Ք. ա. 782 թ. Արգիշտին կառուցում է Էրեբունի բերդաքաղաքը, իսկ Ք. ա. 776 թ.` Արգիշտիխինիլի (Արմավիր) ամրոցը։


Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 

 

Share |