Գեղարդ

Վերադառնալ գլխավոր էջ


Գեղարդ 1: Պատմությունը, հղում

 Պատմություն

Գեղարդի վանքի կառուցման ստույգ ժամանակը հայտնի չէ։ Հայտնի է սակայն, որ համալիրը կառուցվել է մի վայրում, ոըը նախաքրիստոնեական շրջանում պաշտվել է որպես սրբատեղի` սրբացված աղբյուրների պատճառով։ Այդ աղբյուրներից մեկն այսօր էլ պահպանվում է վանքի գլխավոր գավթի ներսում։

Ըստ ավանդության 4-րդ դարի սկզբին, Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու առաջին տարիներին հիմվնել է մի վանք, որը Այրիվանք կամ Քարայրների վանք է կոչվել։ Վանքի հիմնադրումն ու բարգավաճումը ավանդաբար վերագրում են հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչին և Սուրբ Սահակ Պարթև կաթողիկոսին։ Նախնական շրջանում վանքի միաբանները ապրել են հենց վանքում` կեցության համար օգտագործելով նաև մոտակա քարայրները` որպես մենակյացների խցեր։ Ենթադրվում է, որ այս անձավներից մեկում ապրել է նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։

Պատմական աղբյուրները վկայում են, որ նախնական համալիրը, ճգնավոր այրերի խցերից բացի, բաղկացած է եղել մի քանի եկեղեցիներից, բնակելի և օժանդակ այլ շինություններից։ Վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։

Բագրատունիների թագավորության շրջանում Հայաստան ներխուժած արաբական զորքերի կողմից, զորավար Նասրի հրամանով վանքը կողոպտվում և թալանվում է /920-ական թթ./։ Թեև հետագայում վանքը վերակառուցվում է ու շրջափակվում պարսպապատով, բայց այստեղ ստեղծված շատ ձեռագրեր այդպես էլ դատապարտվում են անվերադարձ կորստյան։

Չնայած վանքի տարածքում պահպանված արձանագրությունները վերաբերում են 1160-ականներին, Այրիվանքի ներկա համալիրը համարվում է 13-րդ դարի կառույց։ Վանքի պատմության ծաղկուն շրջանը սկսվում է Զաքարյանների կողմից Հայաստանը սելջուկյան լծից ազատագրելուց հետո միայն։

13-րդ դարի վերջին Գեղարդավանքը մեծապես գտնվում էր իշխանական ընտանիքների ուշադրության կենտրոնում և մեկն էր գլխավոր ուխտատեղիներից։ Կարևոր հանգամանքներից էր նաև այն, որ այստեղ էր պահվում Սուրբ Գեղարդը` այն նվիրական նիզակը, որով հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը ( Նոր Կտակարան)։ Այդ պատճառով է Այրիվանքը անվանվել է նաև Գեղարդավանք։ Ըստ ավանդության Գեղարդի վանքում էր պահվում մեկ այլ մասունք ևս` մի բեկոր Նոյան տապանից։

Պատմության ընթացքում վանքը ենթարկվել է նաև մոնղոլների, իսկ ավելի ուշ` Լենկ Թեմուրի արշավանքներին։ Այն մասնակիորեն ավերվել է 1127, 1679, 1840 թվականի երկրաշարժերից, ապա վերակառուցվել ու վերականգնվել հետագա դարերի ընթացքում` ծառայելով որպես ամենայն հայոց կաթողիկոսների ամառային ոստան (նստավայր)։

Տեքստի բնօրինակի խմբագրումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի

 


Հղում`

1. Կաթողիկե եկեղեցի
2. Կաթողիկե եկեղեցու գավիթ
3. Ավազան քարայր-եկեղեցի
4. Պռոշյանների մատուռ-տապանատուն
5. Սուրբ Աստվածածին եկեղեցի
(Պռոշյանների)
6. Գավիթ –տապանատուն Պապաքի և
Ռուզուքանի (վերին գավիթ)
7. «Լուսավորչի այր» քարայր-մատուռ
8. Տնտեսական շինություներ
9. Բնակելի շինություններ
10. Վանահոր տուն
11. Սեղանատուն
12. Սուրբ Աստվածածին քարայր-մատուռ