Գեղարդ

Վերադառնալ գլխավոր էջ


Գեղարդ 5: Պռոշյանների Սուրբ Աստվածածին եկեղեցին (5)

 Պռոշյանների Սուրբ Աստվածածին եկեղեցին (5)

Պռոշյանների եկեղեցի կարելի է մտնել Պռոշյանների ժամատուն-դամբարանից։ Եկեղեցու նախնական կառույցը իրականացվել է 1215-1225 թթ.` Զաքարյանների օրոք, ապա, ըստ պատմական աղբյուրների, ընդարձակվել և հարդարվել 1283 թ. Գալձակ ճարտարապետի կողմից` Պռոշյանների պատվերով։ Գալձակի գործն են նաև Ավազան եկեղեցին ու վերին գավիթը (Պռոշյանների)։

Գմբեթավոր խաչաձև փոքր եկեղեցին ունի երեք ավանդատներ. երկուսը լայն կիսաշրջան խորանի երկու կողմերում են, իսկ երրորդը` կից է հյուսիսային պատին։ Կենտրոնական սրահի անկյունային կիսասյուները իրենց վրա են կրում կամարները, որոնք էլ իրենց հերթին պահում են թմբուկն ու գմբեթը։ Վերջինս բաժանված է 12 հատվածների` հարդարված խաղողի որթերի, ողկույզների ու նռան քանդակներով, ոճավորված կենաց ծառերով։

Եկեղեցու պատերն ու քիվերն ունեն նմանատիպ հարդարանք` բարձրաքանդակներ, երկրաչափական պատկերներ, արևի գեղաքանդակ խորհրդանշաններ։

Խորանից դեպի ձախ տեսնում ենք մեծ, շատ ինքնատիպ մի խաչ` վերնամասում հոյակերտ Կենաց ծառի և արևի խորհրդանշանով, իսկ ստորին մասում` Ադամի գլուխն է։ Խաչի եզրերում փորագրված են յուրօրինակ փոքր խաչեր` հայկական ոճով։ Խաչի 2 կողմերում որսի տեսարան է` հավանաբար Պռոշյանների պատկերով։

Խորանի պատերի և առաջամասի խորհրդանշական պատկերաքանդակների թվում տեսնում ենք նաև խորանի աստիճաններին պատկերված այծի քանդակ։ Խորանը եզակի է այն առումով, որ ունի միայն մեկ սանդուղք, իսկ հակառակ կողմում` փորագրազարդ գահ։ Գահին պատկերված առյուծի գլուխը թույլ է տալիս ենթադրել, որ այն նախատեսված է եղել Պռոշյանների համար, որոնց և պատկանում էր այս եկեղեցին։

Պատերի ճաքերը երկրաշարժերի հետևանքներն են, դրանցից ամենավերինը 1679 թ. երկրաշարժից է առաջացել, որից հինգ տարի անց վանքը վերակառուցվել է և վերաբացվել` դառնալով Ամենայն Հայոց կաթողիկոսի ամառային նստավայրը։

Սբ Աստվածածինը Ավազան եկեղեցու և վերին տապանատան հետ միասին միջնադարյան Հայաստանի ճարտարապետության ամենանշանակալից նվաճումներից է։ Քառասուն տարի շարունակ կերտվելով ձեռամբ, միակտոր քարից` այն ավելի քան հիացմունքի արժանի. հատկապես ապշեցուցիչ է ճարտարապետի կողմից ընտրված կատարման եղանակը` վերից վար։ Պակաս հիացմունքի արժանի չէ նաև այն հավատարիմ նվիրումը, որ աշխատելիս դրսևորել են թե՛ ճարտարապետը և թե՛ շինարարները։


Տեքստի բնօրինակի խմբագրումը` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի