Մոմիկ` "Գլաձորի համալսարան" պատմամշակութային արգելոց թանգարան

Վերադառնալ գլխավոր էջ


«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարան

1984 թ. միջազգային մասշտաբով նշվեց Գլաձորի համալսարանի 700-ամյակը։ Այդ առիթով Հայաստանի կառավարության որոշմամբ Վերնաշեն գյուղի Սբ Հակոբ եկեղեցում բացվեց հայկական ուսումնա-գիտական մտքին և հատկապես Գլաձորի համալսարանին նվիրված թանգարան։ Ցուցադրությունը նվիրված է միջնադարյան Հայաստանում համալսարանական բարձրագույն կրթության, գրչության արվեստի, գիտության տարբեր բնագավառների ան-նախադեպ վերելքին, Գլաձորի համալսարանի պատմությանը (ըստ գիտնականների մի խմբի` այն գտնվել է այստեղից 4,8 կմ հեռավորության վրա գտնվող Թանահատ վանքում)։

Գլաձորի համալսարանում դասավանդել են աստվածաբանություն, դիցաբանություն, իմաստասիրություն, մատենագիտություն, քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն, թվաբանություն, աստղաբաշխություն, տոմարագիտություն, երկրաչափություն։ Այստեղ դասավանդել են Դավիթ Սասնեցին, Գրիգոր, Մարտիրոս, Հովհաննես, Կիրակոս և Կյուրեղ ռաբունիները (ուսուցիչներ)։ Գլաձորի համալսարանում ուսանել և ստեղծագործել են նշանավոր մանրանկարիչներ Թորոս Տարոնացին, Ավագը և Մոմիկը։

Գլաձորը եղել է խոշոր գրչության կենտրոն, որտեղ ստեղծվել են հարյուրավոր ձեռագրեր։

Ի տարբերություն միջնադարյան Հայաստանի այլ կրթական օջախների, Գլաձորի համալսարանն ունեցել է իր կանոնադրությունը, ուսումնագիտական աստիճա-նավորումը, կիրառել է ավարտաճառերի պաշտպանություն։

Համալսարանի հիմնադիրը և առաջին ռաբունապետը (ռեկտոր) եղել է Ներսես Մշեցի վարդապետը (աստվածաբան, մանկավարժ և գրիչ), որին 1284-ին փոխարինել է Եսայի Նչեցին (մանկավարժ, քերական, մատենագիր, գրիչ)։ Նրա մահից հետո (1338 թ.) ռաբունապետ Տիրատուր Կիլիկեցին (մանկավարժ, գրիչ և մանրանկարիչ) համալսարանը տեղափոխում է Վայոց ձորի Հերմոնի վանք, իսկ այնուհետև Որոտնավանքում և Տաթևում համալսարանը գլխավորում են Հովհան Որոտնեցին (փիլիսոփա, աստվածաբան, մանկավարժ) և Գրիգոր Տաթևացին (փիլիսոփա, աստվածաբան, մանկավարժ, գրիչ և մանրանկարիչ)։


Տեքստը տրամադրել է ՀՀ Մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Խմբագրումը` ԻԿՕՄՕՍ Հայաստան ՀԿ-ի և Կարեն Մաթևոսյանի («Մոմիկ մանրանկարիչ» գրքի համահեղինակ և «Մոմիկ» գրքի հեղինակ) ։