Հաղպատ

Վերադառնալ գլխավոր էջ


Հաղպատ 1: Պատմությունը: Հղում

Պատմությունը

Հաղպատ գյուղում եկեղեցի կանգնեցվել է արդեն 4-րդ դարում։ Հաղպատում պեղումների ժամանակ հայտնաբերվել են բրոնզի դարի բազմաթիվ գտածոներ, իսկ Դեբեդ գետը վկայում է, որ այս վայրերը մարդու կողմից բնակեցված են եղել դեռևս հին քարի դարում։

Հաղպատի վանքի հիմնադրումը կապում են Աբաս Բագրատունու (929-953 թթ.) թագավորության տարիների հետ, թեև վանքի ամենահին կառույցի` Սբ. Նշան եկեղեցու շինարարությունը սկսվել է 976 թ. (ավարտվել է 991 թ.) Աշոտ Գ (Ողորմած) Բագրատունի թագավորի (953-977 թթ.) օրոք, Խոսրովանույշ թագուհու հանձնարարությամբ` իր որդիներ Սմբատի և Գուրգենի (Կյուրիկե) արևշատության համար։

Անիում Բագրատունիների թագավորության անկումից հետո, 1064 թ-ին, վանքը քայքայման է գնում, ապա կրկին վերածնվում և շենանում է Բագրատունյաց Կյուրիկյան թագավորների հովանու ներքո` հատկապես Զաքարյանների օրոք։ Վերջիններիս վանքը շնորհվել էր ի վարձատրություն Վրաստանում Օրբելյան թագավորներին մատուցած ռազմական ծառայությունների դիմաց։ Իվանե և Զաքարե Զաքարյանների գլխավորությամբ 12-րդ դարի վերջերում Հայաստանն ազատագրվեց սելջուկյան իշխանությունից։ Զաքարյանների իշխանության շրջանում վանքը կառուցապատվում է` 13-րդ դ. կեսերին ընդարձակվելով և գրավելով 3 անգամ մեծ տարածք։ Հաղպատը դառնում է Հայաստանի խոշորագույն հոգևոր և կրթական կենտրոններից մեկը։

11-րդ դ. կեսից Հաղպատը Լոռու հոգևոր թեմի աթոռանիստն էր և մրցակցում էր Սանահինի եղբայր-վանքի հետ։ Մոնղոլական արշավանքների նախօրեին` 1233 թ., Հաղպատի վանահայր Հովհաննես Մածնաբերդցին մոտակայքում Կայան (Ակներ) բերդը կառուցեց, իսկ նրա զարմիկ Շահնշահ իշխանը, ում հայրը Սանահինում էր թաղված, բերդը հողին հավասարեցրեց։ Մոնղոլներն ասպատակեցին ու թալանեցին և Հաղպատի և Սանահինի վանքերը։

Վանքն անկում ապրեց նաև Լենկթեմուրի արշավանքների (14-րդ դ.) և ապա Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև ընթացող տնական պատերազմների շրջանում (15-17-րդ դդ.)։ 1639 թ. դաշնագրով Արևելյան Հայաստանը մնաց Իրանին։ Հաստատված խաղաղությունը նպաստավոր եղավ նաև վանքի համար։ Վանքը վերականգնվեց և կրկին ստանձնեց կարևոր հոգևոր և ձեռագրության կենտրոնի իր դերը։ 18-րդ դ. երկար տարիներ որպես կրոնավոր վանքում ապրել է հայտնի աշուղ Սայաթ-Նովան (1722-1795 թթ.)։ Նա զոհվել է 1795 թ.` լինելով Հաղպատի վանքի պաշտպանների շարքում։


Հաղպատը 1996թ-ից գրանցված է UNESCO-ի համաշխարհային ժառանգության վայրերի ցանկում` որպես բացառիկ համընդգրկուն արժեք։

 

 


Հղում`

1. Ջգրաշենը
2. Սբ. Գրիգոր եկեղեցին
3. Սբ. Նշան եկեղեցին
4. Մեծ գավիթը (Սբ. Նշան)
5. Սբ. Աստվածածին եկեղեցին
6. «Համազասպի գավիթը»
7. Ուքանանց տոհմի դամբարանները
8. Միջանցք-տապանատունը և Դպրոցը
9. Գրատունը (գրադարանը)
10. Զանգակատունը
11. Սայաթ-Նովայի հուշաքարը
12. Միջնադարյան պարսպապատերը
13. Սեղանատունը, տնտեսական շինություններ
14. Աղբյուրի տունը (Աղբյուր-հուշարձան)
15. Կուսանաց անապատը (Սբ. Տիրամայր)
16. 4-րդ դարի եկեղեցու ավերակները

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը