Հաղպատ

Վերադառնալ գլխավոր էջ


Հաղպատ 2: Միջնադարյան գրչության կենտրոն

Միջնադարյան գրչության կենտրոն

Հաղպատի վանքը ոչ միայն կարևոր հոգևոր (Սանահինից Գուգարքի եպիսկոպոսական աթոռը տեղափոխվել է Հաղպատ 1081 թ. և գոյություն է ունեցել մինչև 1836թ.), այլև նշանավոր կրթական և ձեռագրության կենտրոն էր։ Հաղպատի գրադարանը մեծապես ճանաչված էր. ձեռագրերն ու մանրանկարները առասպելական համբավ ունեին։ Վանքն ուներ մի քանի հարյուր վանական։

Վանքում ուսանել և դասավանդել է Գրիգոր Մագիստրոսը։ Հաղպատի հանրաճանաչ վանահայրն էր Հովհաննես Սարկավագը (1045-1129 թթ.), որը բարեփոխել է հայկական տոմարը, գրել աստվածաբանական և մաթեմատիկական, բժշկական և բնագիտական ուսումնասիրություններ, հավաքել և խմբագրել է 50-ից ավելի հոգևոր ձեռագրեր։ 1873 թ. հայ պատմաբան Երիցյանը տարածքը եզերող ժայռերի մեջ փորված քարայրերից մեկում` Ժակ այրում հայտնաբերել է քայքայված, քարացած վիճակում բազմաթիվ ձեռագրեր ու մատյաններ, որոնք հավանաբար, Հովհաննեսի գրադարանից էին։ Նրա տապանաքարը գտնվում է Հաղպատի զանգակատան տակ։

«Հաղպատի Ավետարանը»

Մագաղաթյա «Հաղպատի Ավետարանը» մանրանկարչության լավագույն նմուշներից է։ Հակոբ գրիչն Ավետարանն ընդօրինակել է Սահակ Անեցու պատվերով 1211 թ.։ Հաղպատից այն տարվել է Անի, որտեղ գրիչ և նկարիչ Մարգարեն նկարազարդել է այն։ Ավետարանը հայտնի է իր նկարազարդ խորաններով` մանրանկարներով, որոնցում պատկերված են ժամանակի աշխարհիկ կյանքը, կենցաղային տեսարաններ, պատմական դեմքեր։ Պատկերված են տվյալ ժամանակաշրջանի հագուստներով կանգնած տղամարդիկ. մեկի ձեռքին կուժ կա (ջուր բերող սպասավոր), մյուսի ձեռքին ձուկ (ձուկ բերող Շերանիկը), մի գուսան` մրգատու ծառի տակ նստած, սազ նվագելիս։

«Հաղպատի Ավետարանի» տերունական նկարներից պահպանվել է միայն մեկը` «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ», որտեղ պատկերված են ավանակի մեջքին Երուսաղեմ մտնող Քրիստոսը և նրան դիմավորող հայկական տարազներով մարդիկ։ Ընծայականում ասվում է. «Քրիստոսը` Ավետարանը ստացող Սահակ և Առաքել եղբայրների հետ»։ Պատկերված են նաև քաղաքից դրվագներ, մի հարուստ տուն և տան տերը։

Ձեռագիրն այնուհետև տարվել է Հոռոմոսի վանք (Անիում)։
1211 թ. նվիրվել է Արջո Առիճի (կամ Ալաջաի` գյուղ Շիրակի մարզում) եկեղեցուն` կառուցված Սահակ Անեցու տոհմի կողմից։ 1223 թ. այն գնել է արցախեցի Սարգիսը և նվիրել Մեծկողմանց (Խաչենի) եպիսկոպոսարանին։ 8 դար ձեռագիրը մնացել է Արցախում (ներկայիս ԼՂՀ), իսկ 1920 թ. տեղափոխվել է Սբ. Էջմիածին։ Այժմ պահվում է Երևանի Մատենադարանում (ձեռագիր N 6288)։

Ջգրաշեն եկեղեցի (Սբ. Աստվածածին մատուռ)(1)


Այս մատուռը (1195 թ.) գտնվում է վանքի պարսպից դուրս, կանգառի մոտ։ «Ջգրաշեն» բառացի նշանակում է «շինված բարկությունից, զայրույթից » (միջնադարյան ջիգյար բառից, որը նշանակում է փայծախ), և ըստ լեգենդի Սանահինի վանքի սաներից մեկը, որն այնտեղ ճարտարապետություն էր սովորում, կառուցել է մատուռը զայրույթի պոռթկումից։ Արևմտյան ճակատին կան գեղեցիկ խաչքարեր, մուտքի բարավորի երկայնքով փորագրված են հավատքով լի խոսքեր։
 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը