Հաղպատ

Վերադառնալ գլխավոր էջ


Հաղպատ 3: Սբ. Գրիգոր եկեղեցին (2), Սբ. Նշան եկեղեցին (3)

 Սբ. Գրիգոր եկեղեցին (2)

Վանքի տարածք մտնելուն պես, առաջին եկեղեցին, որ կտեսնեք Սբ. Գրիգորն է (1023-1025թթ.)։ Այն ներքուստ խաչաձև, արտաքուստ ուղղանկյուն կառույց է, չորս անկյուններում` ավանդատներ։ Մուտքի կողքերում գտնվող ավանդատները եռահարկ են, ինչը բնորոշ չէ հայկական եկեղեցիներին։ Այժմ մերկ պատերը ժամանակին զարդարված էին որմնանկարներով և այցելուների շռայլ նվիրատվություներով։

Սբ. Գրիգոր եկեղեցին վերանորոգվել է 1211 թ., որի ընթացքում վնասված գմբեթի փոխարեն կառուցվել է թաղակապ ծածկը` պարզ տանիքով։ Արտաքին պատերը հարդարված են սյուներով և սրածայր կամարներով։

Սբ. Նշան եկեղեցին (3)

Սբ. Նշանը վանքում պահպանված եկեղեցիներից ամենահինն է։ Մուտքը գավթից (4) է։ Կառուցվել է Խոսրովանույշ թագուհու նախաձեռնությամբ` 976-991 թթ. իր որդիներ Գուրգենի (Կյուրիկե) և Սմբատի արևշատության համար։ Թագուհին հիմնադրել է նաև Սանահինի վանքը և 966թ. սկսել է Ամենափրկիչ եկեղեցու կառուցումը։ Կյուրիկյանները եղան Հաղպատի և Սանահինի հետագա հովանավորները։ Հոգևոր այդ երկու կետրոններից յուրաքանչյուրը մասնագիտանում էր կրոնի ուսուցման, գեղագրության, նկարազարդման և այլ գիտությունների մեջ։

Սբ. Նշանն արտաքուստ` ուղղանկյուն, ներքուստ` խաչաձև, եկեղեցի է. ընդարձակ ներքին տարածքը պսակվում է լայնանիստ և բարձրադիր գլանաձև գմբեթով (վերանորոգվել է 1113թ.)։ Արտաքինից պարզ ուղղանկյուն է, իսկ ներսում հատվող թևերը խաչի տպավորություն են ստեղծում։ Վանքում ավանդաբար փոխանցվել է, որ եկեղեցին կառուցել է միջնադարի հայ նշանավոր ճարտարապետ Տրդատը, ում ավելի ուշ կանչեցին Կոնստանդնուպոլիս` նորոգելու Այա Սոֆյա եկեղեցու գմբեթը։ Նա է կառուցել նաև Բագրատունիների մայրաքաղաք Անիի Մայր տաճարը։

Գմբեթի թաղն ապշեցուցից է. երկայնական պատերին հենված հզոր որմնամույթերին են հանգում գմբեթակիր կամարները։ Անկյուններից յուրաքանչյուրում կան կրկնահարկ ավանդատներ։ Քարե սանդուղքները տանում են Կյուրիկյան տոհմի անդամների համար կառուցված օթյակը (երբ նրանք մասնակցում էին պատարագին կամ ժամերգություններին)։

Եկեղեցու Ավագ խորանն ու պատերի առանձին հատվածներ եղել են որմնանկարազարդ, որոնցից մի մասն է պահպանվել։ Խորանի ապսիդը երկու անգամ որմնանկարազարդվել է, վերջին անգամ 13-րդ դարի երկրորդ կեսում, որից մեզ հասել է առաջին շերտը, ուր Դեիսուս կոմպոզիցիայում պատկերված է գահին նստած Քրիստոսը։ Ավելի ցած եղել են «Ավետման», «Ծննդոցի», «Մկրտության» տեսարաններ։ Հարավային պատին պահպանվել է աթաբեկ Սադունի որդու` Խութլու Բուղայի (վանքի հովանավորներից մեկի) ամբողջ հասակով պատկերը։

Արևելյան ճակտոնապատին (զանգագատանը նայող) պահպանվել է Սանահինի բարձրաքանդակի նմանակը` դեմ առ դեմ կանգնած Սմբատը և Գուրգենը պահում են եկեղեցու մանրակերտը։ Սմբատը դարձավ արքա Սմբատ Բ Բագրատունի (Սմբատ Նվաճող, 977- 989 թթ.), իսկ Գուրգենը` Լոռիում Կյուրիկյանների արքայական տոհմի հիմնադիրը։

Share |

Մոտակա տեսարժան վայրերը