Հաղպատ

Վերադառնալ գլխավոր էջ


Հաղպատ 4: Սբ. Նշանի գավիթ (Մեծ գավիթ) (4), Սբ. Աստվածածին եկեղեցի (5)

 Սբ. Նշանի գավիթը (Մեծ գավիթ) (4)

Տաճարին արևմուտքից կից է մեծ գավիթը, որը կառուցվել է 1208/09 թթ. վանահայր Հովհաննես Խաչենցու կողմից ավելի վաղ շինության տեղում։ Հայաստանի միջնադարյան ճարտարապետության բացառիկ նվաճումներից է։ Նախապես այստեղ 1185 թ. իշխանուհի Մարիամի կառուցած Կյուրիկյանների տոհմական միջանցք-տապանատունն է եղել (հայտնի նաև Մարիամաշեն անունով)։ Հատակն ամբողջությամբ ծածկված է իշխանավոր մարդկանց տապանաքարերով։

Ժամանակի գավիթների հետ համեմատած (չորս հիմնամույթերի շուրջ կառուցված գմբեթավոր կենտրոնական սրահով գյուղական «հազարաշեն» տան սկզբունքով), Սբ. Նշանի Գավիթը սովորականից մեծ է (21մ x 18մ), նաև տարբերվում է մյուսներից փոխհատվող կամարների կառուցվածքային առանձնահատկությամբ։ Կամարների հանդուգն կիրառումն ընդարձակում է տարածքը և կարծես «վեր ձգում» ներքին սրահը։

Հորինվածքը շատ ինքնատիպ է` երկու զույգ լայնաթռիչք կամարներն արմ. մասում հանգելով երկու հաստահեղյուս սյուներին, իսկ մնացած 3 մասերում` որմնամույթերին, փոխհատվելով մեծ բարձրության վրա, կազմում են քառակուսի հիմնատակ, որին հանգում են վերին շարքի ավելի փոքր թռիչք ունեցող երկու զույգ կամարները, որոնք իրենց հերթին փոխհատվելով` կազմում են քառակուսի երդիկ` պսակված ռոտոնդայով։ Հատկապես ուշագրավ է երդիկի տարբեր երանգի քարերի համադրումով կազմված եզրային մասերը։

Արևելակողմի անկյուններում պատարագի համար նախատեսված երկու կրկնահարկ ավանդատներ կան` կիսաշրջանաձև խորաններով։ Հատակը պատված է Կյուրիկյան տոհմի անդամների, հարուստ հովանավորների և հոգևոր համայնքի նշանավոր անդամների տապանաքարերով։

Փոխհատվող կամարների, բազմերանգ քարի կիրառման և ծածկի կամարակապ ճաղաշարքի միջոցով տարածքը բաժանելու տեխնիկայի շնորհիվ գավիթն ահռելի ազդեցություն է ունեցել հայ միջնադարյան ճարտարապետության վրա, հատկապես քաղաքացիական կառույցների։

Սբ. Աստվածածին եկեղեցին (5)

Գավթից դեպի հյուսիս Սբ. Աստվածածինն է (1208-1220 թթ.)։ Կառուցվել է Դեսումյանց Հասան իշխանի դուստր Խաթունի հովանավորությամբ և հայտնի է նաև Խաթունաշեն անունով։

Եկեղեցին արտաքուստ ուղղանկյուն, ներքուստ խաչաձև հատակագծով, գմբեթավոր փոքրաչափ շինություն է։ Գլանաձև թմբուկը ծածկված է եռանկյունաձև տանիքով։ Արևմտյան մուտքը երիզված է հյուսածո քանդակներով և երկրաչափական նախշերով, ճակտոնապատին պատկերված է հավերժության խորհրդանիշը, կողքերից` Կենաց ծառով փոքր խաչքարեր։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը