Հաղպատ

Վերադառնալ գլխավոր էջ


Հաղպատ 5: "Համազասպի ժամատուն" գավիթը (6), Ուքանանց իշխանական տոհմի դամբարանները (7), Միջնադարյան պարսպապատեր (12)

 «Համազասպի ժամատուն» գավիթը (6)

Գլխավոր եկեղեցուց (Սբ. Նշանից) հյուսիս վանահայր Համազասպը 1257 թ. կառուցել է հոյակերտ մի գավիթ` Հայաստանում ամենամեծ գավիթը (մոտ 330 մ2), այսպես կոչված «Համազասպի շենքը» կամ «Համազասպի ժամատունը»։ Գավթի արևելյան պատին կից է գրատունը։

Կառույցը պատկանում է չորս սյուներով, երդիկավոր, կամարակազմ ծածկով գավիթների տիպին, ունի ութանիստ բաց գմբեթ։ Ցածր շինություն է` տանիքի արևելյան կողմը թաղված հողի մեջ։ Ծածկը բաժանված է ինը հատվածի, որոնցից կենտրոնականը պսակված է երդիկավոր վրանաձև ութանիստ գմբեթով։ Կամարաշարերն ընդարձակ տարածությունը բաժանում են 9 մասի։

Արևելքից գավիթը հաղորդակից է անհամեմատ փոքր միանավ թաղածածկ եկեղեցուն (20 մ2)։ Վերջինիս և գավթի անհամաչափ համադրության պատճառով հաճախ անտեսվել է եկեղեցու դերը, և գավիթը համարվել է ինքնուրույն շինություն` ժաղովարան։

Ինչպես գավթի, այնպես էլ Սբ. Նշանի սյուները բնորոշ չեն հայկական ճարտարապետությանը, ըստ որի յուրաքանչյուր խոյակի ձևն ու նախշազարդը մտադրաբար փոփոխված է։ Երբ այս ոճը լայն տարածում ստացավ, փոփոխվող խոյակների կիրառումը դարձավ օրինաչափություն։

«Համազասպի գավիթը» զարմանահրաշ հորինվածք ունի. այն կանգուն է մնացել` դիմակայելով երկրաշարժների ու արշավանքների, որոնց արդյունքում կառույցը միայն թեթևակի է վնասվել։ Առ այսօր ճարտարապետություն ուսումնասիրողները փորձում են հասկանալ դրա սեյսմակայունության սկզբունքը։

Ուքանանց իշխանական տոհմի դամբարանները (7)

«Համազասպի գավթից» դեպի հյուսիս-արևմուտք, պարսպի մոտ, տեղադրված են Ուքանանց տոհմի 3 դամբարանները։ Դրանք փոքր չափերի խորանարդաձև մատուռներ են` պսակված գեղաքանդակ խաչքարերով։ Ստորին կառույցը թվագրվում է 8-րդ դարի սկզբով, իսկ տանիքի խաչքարերը` 13 –րդ դարով։

Դամբարանների հորինվածքը հարազատ է հին հայկական գերեզմանատների ավանդույթին. գերեզմանները պաշտամունքի վայրեր էին, որոնք իրենց հերթին պատվանդաններ էին դառնում քարե բարձր հուշարձանների (քարակոթողների) համար։ Քրիստոնեության շրջանում քարակոթողները փոխարինվեցին խաչքարերով, որոնք ժամանակակից տապանաքար-հուշաքարերի նախատիպն են, ինչպիսիք կարելի է տեսնել Հայաստանի ողջ տարածքում։

Մատուռների երկու խաչքարերը քանդակվել են 1211թ. և 1220 թ և լավագույն օրինակներից են համարվում։ Հեղինակն է քանդակագործ Վահրամը։

Միջնադարյան պարսպապատեր(12)

Պարսպապատերը թվագրվում են 10-11-րդ դարերով` Սբ. Նշան եկեղեցու շինարարության ավարտից հետո։ 13-16-րդ դարերում վանքի շարունակական ասպատակումներից հետո, պարիսպը բազմիցս վերակառուցվել է, օգտագործելով սկզբնական շինանյութը` կիկլոպյան (հսկա) քարերը, սև ու կարմիր տուֆից որձաքարեր և կրաբետոն։ Վերջին անգամ վերանորոգվել է 20-րդ դարում։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը