Հաղպատ

Վերադառնալ գլխավոր էջ


Հաղպատ 6: Միջանցք-տապանատունը և «Ամենափրկիչ» խաչքարը (8), Գրադարանը (գրապահոց, ընթերցարան) (9)

Միջանցք-տապանատունը և «Ամենափրկիչ» խաչքարը (8)

Գրադարանի (գրատուն) և Սբ. Նշան եկեղեցու միջև ընկած տարածքը ծածկվել է թաղով և վերածվել տապանատան, որը հայտնի է որպես «Փրկչի միջանցք»։ Այն ձգվում է Սբ. Նշան եկեղեցու արևելյան երկայնքով։ Ժամանակին այստեղ է գտնվել վանքի դպրանոցը։

Այս սրահում կան բազմաթիվ գեղաքանդակ խաչքարեր, այդ թվում` «Ամենափրկիչ» խաչքարը։

Ի պատիվ ամիրսպասալար Աթաբեկ Սադունի, 1273 թ. քանդակված «Ամենափրկիչ» խաչքարը արվեստի իսկական գլուխգործոց է։ Հեղինակն է Վահրամ քանդակագործը։ Նմանատիպ խաչքար նա կանգնեցրել է նաև Դսեղում։ Խաչքարի վրա փորագրված խաչված Քրիստոսի, 12 առաքյալների, 2 Մարիամների և հրեշտակների պատկերներն ասես կենդանի լինեն, ինչը հեղաշրջում էր ժամանակի արվեստի համար` 100 տարով նախորդելով Իտալիայի վերածննդի դարաշրջանը։

Կարմիր ներկը, որով պատված է քարերի մակերեսը, Որդան Կարմիրն է (այն ստանում էին Արարատյան դաշտավայրում բնակվող միջատներից)։ Որդան Կարմիրը բարձր էր գնահատվում իր հարուստ (հագեցած կարմիր) գույնի, դիմացկունության և օգտագործման բազմակի ոլորտների համար` որպես կտորի և շինարարական ներկ։ Որդան կարմիրը ոսկու գին ուներ և հայտնի էր Եգիպտոսի, Կոնստանդնուպոլսի և Եվրոպայի արքունիքներում։

Սրահում կան նաև 9-րդ դարի խաչքարեր, որոնց վրա խաչի տակ պատկերված է Կենաց Ծառ. ավանդույթ, որը գալիս է հնագույն ժամանակներից։ Այս պատկերը կա շատ խաչքարերի վրա` սերմից սկիզբ առնող ծաղկած խաչ` կողքերից ճյուղեր, հավերժության խորհրդանիշը և Ադամի դեմքը։ Խաչքարերի վրա կյանքի հնագույն խորհրդանիշներն օգտագործելով` վարպետները, կարծես, ցանկանում էին ցույց տալ, որ հավատացյալների համար Քրիստոսը հավերժական կյանքի աղբյուր է։

Գրադարանը (գրապահոց, ընթերցարան) (9)

Սբ. Նշանին հյուսիսային պատին կից 11-րդ դարում կառուցվել է գրադարանը։ Փայտաշեն կլոր ծածկը 13-րդ դարի կեսերին (1258-1262 թթ.) դարձել է փոխհատվող կամարների վրա նստած քարաշեն ծածկ, որը վերակառուցվել 1273 թ։

Այստեղ են պահվել Հաղպատի հնագույն և արժեքավոր ձեռագրերը։ Հաղպատը հայտնի էր միջնադարյան հայ ձեռագրերի իր հարուստ հավաքածույով։ 11-13-րդ դարերում վանականները ձգտում էին ունենալ հայերեն բոլոր ձեռագրերն ու գրքերը, և Հաղպատի գրադարանը դարձավ առաջին հայկական մատենադարանը։ Վանականները պատմական Հայաստանի տարածքում փնտրում և հավաքում էին ձեռագրեր, որն էլ չէին կարող տանել` պատճենագրում էին։

Հետագայում, ապահովության համար, ձեռագրերը տեղափոխվել են վանքի մոտակա քարայրները, որոնք ոչ միայն գրապահոցի, այլև ընթերցարանի դեր էին կատարում։ Ըստ ավանդության, 13-րդ դարի կեսերին, մոնղոլները խոշտանգում էին վանականներին, որպեսզի վերջիններս մատնեին պահոցի տեղը, և այդ ժամանակ, ասում են, 3 ավագ և 12 կրտսեր քահանաներ փորձում էին ցավին դիմակայելու ուժ գտնել Ավետարանի հետևյալ խոսքերի մեջ. «Ինչ-որ սուրբ է, շներին չտաս, ոչ էլ մարգարիտներ շաղ տուր խոզերի առաջ»։

Ուշագրավ են գրապահոցի հատակի մեջ տեղադրված կիսաթաղ կժերը։ Դրանց մեջ ժամանակին գինի և կաթնամթերք էին պահում. ձեռագրերի պահպանության նպատակով խոնավություն ապահովելու համար։

 

Share |

Մոտակա տեսարժան վայրերը